Այսօր մամուլում կադացի մի տարօրինակ ու, ըստ իս, ազգակործան երևույթի մասին: Մամուլում կարդում եմ. «Մի երիտասարդ բջջային հեռախոսով պայմանավորվում էր, հավանաբար, ընկերուհու հետ և փորձում բացատրել թե ինքը որտեղ է։ «Հրապարակից որ իջնում ես, պալտոյով մարդու արձան չկա՞, արի հենց դրա մոտ (խոսքը Ալեքսանդր Մյասնիկյանի (Մյասնիկով, Մարտունի) )։ Ձեռքերը խաչածը չի (ի նկատի ունի Ստեփան Շահումյանի արձանը), դրանից էլ ա ներքև»,–իր տեղը բացատրում էր երիտասարդը»:
Նշված միջադեպը խոսում է այն մասին, որ մերօրյա սերունդը, որին չգիտես ինչու անընդհատ հասարակությունը տալիս է «կարդացած, զարգացած և հայրենասեր» որակներն, իրականում կանգնած է խորը ճգնաժամի եզրին, ավելին` գահավիժում է անդունդ: Երիտասարդներն ուղղակի իրենց նմանօրինակ վարքագծով փակում են հայ ժողովրդի մի ինտիլիգետ ու բարձր արժեհամակարգերով լեցուն պատմության շրջափուլ:
Իսկ հիմա ըստ էության:

Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետն (1911թ.) ավարտելուց առաջ Ալեքսանդր Մյասնիկյանն ուսանել էր ծննդավայրի՝ Նոր Նախիջևանի հայկական ծխական դպրոցում, ապա՝ իր ժամանակի թերևս ամենահայտնի հայկական կրթօջախում` Լազարյան ճեմարանում 1904-1906: Ճեմարանից էլ սկսվել է նրա հեղափոխական գործունեությունը, նա Վահան Տերյանի հետ ղեկավարում էր ուսանողական շարժումները: 20-րդ դարասկզբին հայկական իրականության շրջաններում ձևավորվել էր պեցիֆիկները փոքր, բայց էլիտար կուսակցությունը՝ «Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպություն»: Կուսակցության հիմնական մասը մտավորականությունն էր: Այն թեև մարքսիստական կազմակերպություն էր, բայց թերևս շատ նման հրեական բունդին, քանի որ հայ իրականության մեջ գրեթե նույնն էր, ինչ բունդը՝ հրեական իրականության մեջ (բունդը ընդհանուր բանվորական շարժում է, որի անջատողականության դեմ հանդես եկան բոլշևիկները՝ Լենինի գլխավորությամբ):

Ազգային մարքսիզմի հիմքի վրա ստեղծված կազմակերպությունը չնայած շատ հետևորդներ չի ունեցել, սակայն հայկական պատմության մեջ թողել է իր խորը հետքը: 1920-1928-ին ՀԽՍՀ-ի բոլոր ղեկավարներն ունեին սպեցիֆիկյան անցյալ՝ Ալեքսանդր Մյասնիկյան, Սերգեյ Լուկաշին, Սաքո Համբարձումյան, Հայկ Հովակիմյան:
Մյասնիկանը որոշ իմաստով փաստացի հանդիսանում է առաջին Հանրապետության ժառանգորդը և այն բոլոր ծրագրերը, որոնք կային առաջին Հանրապետության արխիվում, Մյասնիկյանը կյանքի էր կոչում: Ի տարբերություն ռազմահեղափոխական կոմիտեի ղեկավարների, որոնք սովահար Հայաստանից օգնություն էին ուղարկում Ռուսաստան, իշխանության հենց առաջին ամիսներին Մյասնիկյանը Լենինից կարողացավ 3.5 միլիոն ռուբլի պոկել, որը օգտագործվում է Պարսկաստանից սերմացու գնելու և մշակութային զանազան հաստատություններ ստեղծելու համար։ Բանակը հզորեցնելու և տեխնիկական մասնագիտություններ ունեցող մտավորականությանը Հայաստան վերադարձնելու նպատակով նա ռազմահեղափոխական կոմիտեի աքսորած թվով 1400 սպայական կադրերին Սիբիրյան աքսորավայրերից հետ է բերում: Միաժամանակ Մյասնիկյանը ձեռնամուխ է լինում հայ ժողովրդի մտավոր սերուցքին հայրենիք վերադարձի ազգանավեր գործի կազմակերպանը: այդ ժամանակ Մոսկվայից Մյասնիկյանը Հայաստան էր եկել իր մանկության ընկերոջ՝ Մարտիրոս Սարյանի հետ: Փետրվարյան ապստամբությունից հետո պրոդաշնակցական հորջորջված և Պարսկաստան քշված Ալեքսանդր Թամանյանին Հայաստան վերադարձնելը եղավ նրա կարևոր քայլերից մեկը: Նա արտասահմանից Հայաստան վերադարձրեց Հովհաննես Թումանյանին, Ալեքսանդր Սպենդիարյանին, Լեոյին, Ռոմանոս Մելիքյանին՝ ստեղծելով շատ ավելի լավ պայմաններ, քան նրանք ունեին այնտեղ: 1925-ի մարտի 22-ին` Թիֆլիսից Սուխում թռչելիս, տեղի ունեցավ ինքնաթիռային աղետ, որի զոհը դարձան Մյասնիկյանը, Աթարբեկյանը և Մոգիլևսկին, որոնք մեկնում էին Աբխազիա՝ կուսակցական համագումարի:

1889-1898 թթ. Շահումյանը սովորել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանում, որտեղ առաջին անգամ հաղորդակից է դառնում հեղափոխական գաղափարներին և կատարում առաջին հեղափոխական քայլերը: 1898 թ. նա մտնում է ՌՍԴԲԿ շարքերը, իսկ 1899 թ. Ջալալօղլիում (այժմ` Ստեփանավան) հիմնում է Հայաստանում առաջին մարքսիստական խմբակը` «Սպարտակը»: Մի տարի անց, Բոգդան Կնունյանցի հետ հիմնում է Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը: Նա ակտիվ կազմակերպչական աշխատանքներ տարավ 1903-1905 թթ. Ալավերդու բանվորական ելույթների և 1903 թ. Հաղպատի գյուղացիների զինված ելույթների նախապատրաստման գործում: Աջակցեց Հաղպատի կոմբջիջի աշխատանքներին: Շահումյանի ուսուցիչներն էին նշանավոր հեղափոխականներ Դեդուշկան (Մելիք Մելիքյան), Բանվոր Խեչոն (Ասատուր Կախոյան) այլք: Ուսումնարանն ավարտելուց հետո` 1898-1902 թթ. նա սովորում է Ռիգայի ճարտարագիտական համալսարանում: 1902-1905 թթ. նա փիլիսոփայություն է ուսանել Բեռլինի համալսարանում, 1911 թ. էքստեռն կարգով ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: Այնքան մեծ էր Ստեփան Շահումյանի հեղինակությունն ու ազդեցությունը, որ ժամանակակիցները նրան կոչում էին «Կովկասի Լենին»: Առհասարակ նա ոչ միայն մարտիկ-հեղափոխական էր, այլև մարքսիզմի տեսաբան: Նա խմբագրեց «Նոր խոսք» «Սոցիալ-դեմոկրատ», «Պրոլետարիատ», «Կայծ» թերթերը, բազում հոդվածների և հրապարակումների հեղինակ էր: Հայերեն է թարգմանել Մարքսի, Էնգելսի, Լենինի աշխատությունները: Շահումյանը հայ մեծանուն բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի հոգեզավակն էր: Մանթաշյանցն էր հովանավորում և ֆինանսավորում նրա ուսման ծախսերը:

1917 թվականին Նիկոլայ 2-րդ ցարի տապալումով և Ռոմանովների տան անկումից հետո` Ռուսական կայսրության տարածքում ստեղծվել էր բավականին անկառավարելի և էսկալացիոն իրադրություն: Ծանրագույն վիճակ էր հատկապես անդրկովկասում, քանի որ այն իրենցի ներկայացնելով համեմատաբար փոքր տարածաշրջան բավականին բազմազգ էր, դրան գումարած նաև կրոնական բազմազանության փաստը: Այլ իրադրություն էր Բաքվում: Բաքուն այդ տարիներին, ինչպես և Օդեսան թերևս ամենաբազմազգ քաղաքներից էր կայսրության տարածքում: Այնտեղ էր կենտրոնացած Անդրկովկասի բանվորական ուժի մեծ մասը: Քաղաքական առումով էլ Բաքվում խառնաշփոթ էր. բանվոր դասակարգը, բնականաբար, համակրում էր բոլշևիկյան կուսակցությանը: Սակայն հայ հոծ բնակչության հաշվին ուժեղ էր նաև Դաշնակցությունը, ինչպես նաև` տեղական թաթարների կողմից մեծ աջակցություն ստացող մուսավաթականները: Իշխանության համար պայքարում, սակայն, ուժեղ գտնվեցին բոլշևիկները և 1917 թ. հոկտեմբերի 31-ին գումարված բանվորների և զինվորների պատգամավորների խորհրդի ընդլայնված կոնֆերանսը հայտարարեց քաղաքում իշխանությունն իր ձեռքը վերցնելու մասին: Ձևավորվեց Բաքվի խորհուրդը, որի գործկոմի նախագահ ընտրվեց Ստեփան Շահումյանը: 1917 թվականի դեկտեմբերին ՌՍՖՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը Ստ. Շահումյանին նշանակեց Կովկասի գործերի արտակարգ և լիազոր կոմիսար: Բաքվի կոմունան սկզբից ևեթ հայտարարում է, որ պաշտպանելու է բոլշևիկյան Ռուսաստանի շահերը երկրամասում: 1918-ի մարտին Շահումյանը Բաքվում ղեկավարում է մուսավաթականների խռովության ճնշումը, որից հետո քաղաքում հաստատվել է խորհրդային իշխանություն՝ Կոմունա: Նա ընտրվում է Բաքվի ժողկոմխորհի նախագահ և արտաքին գործերի ժողկոմ: 1918 թվականի հուլիսին Բաքվի կոմունան տապալվում է. ղեկավարները, Շահումյանի հետ, ձերբակալվում են, տեղափոխվում Անդրկասպյան երկրամաս և գնդակահարվում:

Ահա հայ ժողովրդի համար նման ծավալի ավանդ ու ներդրում ունեցող այս երկու քաղաքական անհատների մասին էր նման ձևակերպումներով խոսում 21-րդ դարի անկախ Հայաստանի երիտասարդ քաղաքացին: Անշուշտ յուրաքանչյուր հայ կհամաձայնվի, որ սեփական ազգի նվիրյալներին նման արհամարհական կերպ վերաբերվելը մեղմ ասած հակազգային երևույթ է:

Արմեն Հովասափյան-Facebook