Ինչպես տեղեկացրել ենք, Արմավիրի մարզի գյուղերում (Գեղակերտ, Ծաղկալանջ) գյուղացիները ստիպված են մեծ քանակությամբ վարունգը նետել աղբը, քանի որ ունեն իրացման խնդիր: Մասնավորապես Գետաշենում օրեր առաջ 50 տոննա վարունգ են նետել աղբը, իսկ Ծաղկալանջի գյուղապետը մեզ հետ զրույցում ասաց, որ մարդիկ նույնիսկ չեն էլ հավաքում բերքը, այլ ուղղակի թողնում են հողի մեջ

Մեզ հայտնում էին նաև, որ իրենք դիմել են թե՛ մարզպետարան, թե՛ Գյուղատնտեսության նախարարություն, սակայն գործնական քայլեր այդպես էլ չեն իրականացվել: Գյուղացիների կրած մեծ կորուստների մասին YerevanNews.am-ը պարզաբանում ստացավ  գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանից: Փոխնախարարն ասաց.

- Մենք պայմանավորվածություն ունենք վերամշակողների հետ, որոնք, հաշվի առնելով առկա ծավալները, ավել են մթերում: Ինչպես նաև արդեն պայմանավորվել էինք, որ եթե ցանկացողներ լինեն, գյուղմթերքի լրացուցիչ տեղեր կհատկացնենք: 

Երկու նախադասություն, երեք տող, որոնք պետք է լուծում տան բազմաթիվ մարդկանց խնդիրներին: Ինչևէ, հուսանք, որ գոնե հնարավոր կլինի փրկել այն, ինչ մնացել է ստացված բերքից:

Իսկ այն մեծածավալ բերքը, որն արդեն փչացել է և աղբանոցում է... հարց է առաջանում, թե ո՞վ է պատասխան տալու գյուղացիների կրած վնասների համար: Գյուղատնտեսության նախարարությունը գործում է ջայլամային ռազմավարությամբ. գլուխը ավազների մեջ թաքցնելով խույս են տալիս բուն խնդրից: 

Դրսևորելով ադեկվատություն նշենք. բնական է, որ մարդը, ով ունի նման ֆինանսական միջոցներ չպետք է անհանգստանա սովորական գյուղացու 2 մլն դրամ արժողությամբ վարկի մասին: