ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը «Երևան» ամսագրի հայերեն տարբերակին

-Պարոն Սարգսյան,
Ե՞րբ և ինչպե՞ս բացահայտեցիք Ձեզ համար The Beatles խումբը:
 
Ընդամենը 3 տարեկան եմ եղել, երբ 1963թ.-ին լույս է տեսել խմբի առաջին ձայնասկավառակը, «Please, Please Me»-ն՝ 12 ժամվա ընթացքում ձայնագրված այդ հիանալի ալբոմը: Հասկանալի է, որ 1970-ին, երբ խումբը թողարկեց վերջին՝ «Let it Be» ալբոմը և փլուզվեց, ես ընդամենը 10 տարեկան էի: Դժվարանում եմ ասել, թե երբ եմ բացահայտել «The Beatles»-ին, քանի որ ավագ եղբայրներս լսում էին «The Beatles» և ընդհանրապես ռոք երաժշտություն, նվագում էին տարբեր երաժշտական գործիքների վրա և այսպիսի միջավայրում մեծանալով ես բնականաբար լսել էի «The Beatles»-ի բոլոր ստեղծագործությունները շատ փոքր տարիքից: Բնական է, որ ավելի հասուն տարիքում այլ կերպ է ընկալվում խմբի երաժշտությունը և պոեզիան: Ընդհանրապես, ես համարում եմ Ջոն Լենոնին ռոքի ամենամեծ պոետներից մեկը: Բավական է լսել «Across the Universe»-ը կամ ասենք «In My Life»-ը դա հասկանալու համար:

 
-Չորսից ո՞վ է Ձեզ ամենահոգեհարազատը:

 
Չափազանց բարդ հարց է, քանի որ չորսն էլ միշտ փոխլրացրել են միմյանց և շատ տարբերվում են իրարից՝ դավանանքով, կյանքի նկատմամբ իրենց պահանջներով, արժեքներով և իհարկե ստեղծագործական ոճով: Դժվար է առանձնացնել նրանցից մեկին: Եթե Ջոնը ավելի ագրեսիվ և ռոքային երաժշտություն էր ստեղծում՝ ասենք «Happiness Is A Warm Gun»-ը, «Glass Onion»-ը կամ «Come Together»-ը, բայց միաժամանակ կարողանում էր այնպիսի բալլադներ ստեղծել ինչպիսիք էին «Girl»-ը և «A Day in The Life»-ը, ապա Փոլը ավելի մեղեդիկ և հարմոնիկ երաժշտություն ստեղծելու մեծ վարպետ էր: Դրա փայլուն օրինակներից են «Michelle»-ը, «And I Love Her»-ը և «I’ll Follow The Sun»-ը: Չնայած դրան Փոլը կարող էր հաճախ նաև «Helter Skelter»-ի կամ «Oh Darling»-ի նման ծանր ստեղծագործություններ մցնել «Beatles»-ի առօրյա: Ինչ վերաբերում է Ջորջին, ապա նա լինելով ամենահամեստ բիթլը, միաժամանակ ամենախոր ներաշխարհ ունեցողն էր: Ջորջի գլուխգործոցները՝ «Something»-ը «Not Guilty»-ն, «Long Long Long»-ը, «Here Comes The Sun»-ը կամ նույն «While My Guitar Gently Weeps»-ը ֆանտաստիկ ստեղծագործություններ են, որոնք իրենց ուրույն տեղն են զբաղեցրել ռոք երաժտության ձայնադարանում և «The Beatles»-ի մեծագույն գլուխգործոցներն են համարվում: Եվ վերջապես այս ամենը չէր կարող լինել առանց Ռինգո Սթարի: Կարծում եմ, որ Ռինգոն երբևէ ծնված ամենաճաշակով թմբկահարներից մեկն է, ում սկզբունքը ոչ թե տեխնիկայի ցուցադրումն է այլ նվագելու գեղեցկությունը: Մի խոսքով նա ոչ թե հարվածում է, այլ նվագում է հարվածային գործիքների վրա: «The Beatles»-ը փոխլրացման մի բացառիկ օրինակ է երաժշտական աշխարհում, ինչին շատ խմբեր ձգտել են, սակայն քչերն են կարողացել հասնել նման կատարյալ փոխըմբռնման: 

 
-Կարո՞ղ եք նվագել որևէ երաժշտական գործիքի վրա: Եթե այո, ապա որքանո՞վ է խումբը խթան հանդիսացել սովորելու համար:

 
Ընդհանրապես նվագում եմ մի քանի երաժշտական գործիքների վրա՝ մասնավորապես կիթառ, շրթհարմոն, թավջութակ և ֆլեյտա: Թավջութակ սովորել եմ երաժշտական դպրոցում և «The Beatles»-ը որևէ ազդեցություն չի ունեցել դրա վրա, սակայն կիթառը և շրթհարմոնը միանշանակ «The Beatles»-ի ազդեցության հետևանք էին: Իսկ ֆլեյտան հավանաբար «Jethro Tull»-ի անկրկնելի Իեն Անդերսոնի ազդեցությունն էր:

 
-Ձեր կյանքում եղե՞լ է շրջան, երբ փորձել եք հետևել նրանց, նույն սանրվածքը ունենալ, կրել նման հագուստ և այլն:


Կարծում եմ 60-70 ականներին բոլորն ունեին բիթլական սանրվածք և նման հագուստ էին կրում: Դա էր թելադրում այն ժամանակվա նորաձևությունը:

 
-Փորձե՞լ եք երբևէ ներազդել հասարակության վրա, պրոպագանդել նրանց երաժշտությունը:

 
Իմ անձնական կայքում՝ www.tigransargsyan.am-ում կա «Առաջարկում եմ լսել» բաժին: Այստեղ ի թիվս այլ ռոք խմբերի առաջարկում եմ նաև «The Beatles» ունկնդրել: