«Հայկական ազգային երաժշտական գանձարանը» նախագծի կարևորության, նպատակների և դրա շրջանակներում իրականացրած աշխատանքերի մասին Երևան Նյուզ-ը (YN.am) զրուցել է նախագծի տեղեկատվական քաղաքականության պլանավորման և իրականացման աշխատանքային խմբի ղեկավար, նախագծի PR մենեջեր Հայկ Մարկոսյանի հետ:

_Ի՞նչ խնդիրներ է իր առջև դրել և, արդեն իսկ, կյանքի կոչել «Հայկական ազգային երաժշտական գանձարանը»:

- Մեր մշակույթի պահպանման բարդ առաջադրանքը դրված է յուրաքանչյուրիս ուսերին: Այսօր ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեղեկատվական առատ հոսքի պայմաններում խնդիր ունենք պահպանելու մերը՝ ազգայինը, ներկայացնելու այն եկող սերունդներին և պայքարելու օտար հոսանքների ու ապատեղեկատվության դեմ: Հայ երաժշտության այս նմուշները փոխանցվել են մեզ մեր նախնիներից, և մեր գերնպատակն է պահպանել ու հարստացնել այս հսկայական ժառանգությունը և թողնել այն հաջորդ սերունդներին:

Այն նպատակները, որ իր առջև դրեց նախագիծը և քայլ առ քայլ իրականացրեց ու շարունակում է դեռևս կյանքի կոչել, իսկապես բարդ էին և ինչ-որ տեղ, անիրականանալի: Մի նախագծի շրջանակներում փորձեցինք կյանքի կոչել գաղափարներ, երազանքներ, որոնք անմիջականորեն առնչվում էին հայապահպանության, սերունդների կրթաադաստաիրակչության, ազգային մշակույթը ճանաչելի դարձնելու և մի շարք այլ առանցքային հիմնախնդիրների հետ:

-Կմանրամասնեք` ի՞նչ փուլերով է իրականացվել նախագիծը:

_Երբ տեղեկատավական թիմը միացավ նախագծին, արդեն հսկայական աշխատանք էր տարվել: Հավաքագրվել, ձայնագրվել ու նոտայագրվել էին 500-ից ավելի երաժշտական նմուշներ, որոնց զգալի մասը ժամանակի ընթացքում մոռացության էր մատնվել: Անհրաժեշտ էր այս ամենը, ըստ պատշաճի, ներկայացնել հանրությանը և քարոզել ճշմարիտ հայ երաժշտությունը:
Նախևառաջ, փորձեցինք հասկանալ, թե ինչ է կատարվում տեղեկատվական դաշտում, ինչ է մատուցվում հասարակությանը և ինչ է ինքը՝ հասարակությունը պահանջում: Ուսումնասիրվել է համացանցում շրջանառվող տեղեկատվությունը՝ թե՛ պաշտնական, թե՛ ոչ պաշտոնական: Արդյունքում պարզ դարձավ, թե որոնք են այն հիմնական բացերը, որոնք կարիք ունեն լրացվելու:

-Կարծում եք նախագիծը կփոխի՞ պատկերացումները հայկական երաժշտության մասին, «կստիպի» երիտասարդությանը ճանաչել ու լսել իրական հայկականը:

-Ինչպես արդեն նշեցի, նախագիծն իրականացնելով՝ բախվում էինք մի քանի հիմնախնդիրների, որոնցից մեկը սերունդների կրթադաստիարակաչական ասպեկտին է վերաբերում: Փոխվում են ժամանակները, փոխվում են տեղեկատվությունը փոխանցելու և տարածելու ուղիները: Կարծում եմ կարիք չկա ստիպել երիտասարդությանը լսել սեփական ազգային երաժշտությունը: Խնդիրն այն ճիշտ ու մատչելի կերպով մատուցելու մեջ է: Մենք փորձեցինք հարթել նաև այս խնդիրը և երիտասարդությանն ավելի հոգեհարազատ տարբերակով ներկայացնել հայ երաժշտական արվեստը: Իսկ դա armenianmusic.am կայքն է, որն ամբողջացրել է երկար ու ձիգ ամիսների ընթացքում կատարված աշխատանքները և այժմ հասանելի է համացանցում: Կայքը պատրաստված է ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան, սակայն շատ պարզ է և մատչելի համացանցից օգտվող ցանկացած անհատի համար: