Անցած 2015թ.-ը քաղաքական առումով թեև խոստանում էր շատ ավելի թեժ լինել, սակայն այնուամենայնիվ, աչքի ընկավ աշխուժությամբ: Հասարակության և քաղաքական շրջանում եռուզեռ առաջացրեց Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք միգուցե և համարվում են ուղղորդված, սակայն յուրաքանչյուր դեպքում արժանացան համապատասխան ուշադրության և ապացուցեցին, որ Հայաստանում դեռևս հնարավոր է հաղթանակի պայքար մղել: 

2015թ․-ի ՀՀ ունեցած ձեռքբերումներն ու անհաջողությունները YN.am-ը (Yerevan News-Երևան Նյուզ) որոշեց ամփոփել ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի հետ։

Տիկին Զոհրաբյան, ի՞նչ փուլում է գտնվում Հայաստանի ներքաղաքական աշխարհը

- Բավականին բարդ փուլում է գտնվում: Փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո շատ լուրջ ցնցում եղավ ներքաղաքական դաշտում... դե, իշխանությունները երբեք անձնական բարձր վարկանիշով չեն փայլել, բայց փետրվարյան իրադարձություններից հետո, երբ քաղաքական ուժերը, այդ թվում նաև «Բարգավաճ Հայաստանը», ես ինքնաքննադատաբար դա ևս պետք է ասեմ, չկարողացան իրականացնել հանրության սպասելիքը ընդդիմադիր հատվածի հանդեպ ևս վստահության որոշակի ճգնաժամ եղավ: Դե, իշխանությունների հանդեպ անվստահությունը միշտ եղել է «կոնստանտ մեծություն»: Հանրության մեջ կա տոտալ անվստահություն և ապատիա ընդհանրապես քաղաքական պրոցեսների նկատմամբ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ լուրջ խնդիր ունի իր աշխատանքով, իր գործելաոճով հանրության առջև վստահությունը վերականգնելու: Դա վերաբերում է բոլոր քաղաքական ուժերին:

Իսկ 1-ին հերթին ի՞նչ պետք է փոխվի հանրության վստահությունը վերականգնելու համար:

- Յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է հետևություն անի իր կատարած սխալներից, ոչ ճիշտ քայլերից: Բարգավաճ Հայաստանի օրակարգը՝ իշխանափոխություն իրականացնելը չի փոխվել: Յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է հասկանա, որ եթե այս ճանապարհը՝ փողոցային պայքարի ճանապարհը, հեղափոխանական ճանապարհը խնդիրը չի լուծում, անընդհատ նույն ճանապարհով գնալը տանում է փակուղի: Մենք տեսանք, որ Ազատության հրապարակում հավաքված ընդդիմությունը վստահության նման ցածր ռեսուրս ունի, որովհետև այդտեղ հավաքված անձանց գերակշիռ մեծամասնությունը քաղաքացիական հագուստով ոստիկաններն էին, մի մասն էլ լրագրողներ էին: Փորձում են նույն ճանապարհով` այսինքն հեղափոխության ճանապարհով լուծել խնդիրը: Ես մեծ թերահավատություն ունեմ, որ ստացվելու է: Նաև որպես նախկին լրագրող եմ դա ասում, որովհետև տևական տարիներ լուսաբանել եմ ընդդիմադիր բոլոր շարժումների գործունեությունը: Անկախությունից ի վեր Հայաստանում բոլոր հանրահավաքների, միտինգների, ցույցերի ճանապարհով իշխանություն փոխել չի եղել, դրա համար ի՞նչ պետք է անի յուրաքանչյուր քաղաքական ուժ... պետք է ընտրողի հետ լինի անկեղծ: ԲՀԿ-ն անընդհատ մարզային հանդիպումների մեջ է, անընդհատ բացատրում ենք. այո՛, միգուցե և յուրաքանչյուր քաղաքացու «սրտին յուղ է լցնում» իշխանություններին հայհոյելը: Լսում են, ասում են՝ վա՜յ, էս ինչ լավ ա հայհոյում, որովհետև մարդիկ վիրավորված են, մարդիկ աղքատ են, մարդիկ արտագաղթում են և ցանկացած հայհոյանք, որ հնչում է ԱԺ-ից ու այլ հարթակներից ժողովրդի «սրտին յուղ է լցնում», ժողովրդին դուր է գալիս, մի քիչ իրեն ավելի սփոփված է զգում, բայց արդյո՞ք դա ճանապարհ է, արդյո՞ք դրանով հնարավոր է նույն հանրության խնդիրը լուժել.։Ես ասում եմ՝ ո՛չ: Թող ԲՀԿ-ին մեղադրեն, որ ինքը իր նախկին շատ արմատական և սուր հռետորաբանությունից որոշակիորեն հրաժարվել է, բայց թող մենք կարողանանք դրա արդյունքում հանրության խնդիրները լուծել: Սա շատ ավելի ազնիվ է, ու երբ դուք դա ժողովրդին հարցնում եք՝ ո՞րն է նախապատվելի՝ նույն կերպ շարունակե՞նք հայհոյել, ԲՀԿ պատգամավորները սկսեն դրա շնորհիվ իրենց անձնական իմիջի վրա աշխատել, մեր անձնական ռեյտինգը աճի, թե՞ մենք ավելի զուսպ լինենք մեր գնահատականներում և փորձենք այլ մեխանիզմներով հասնել ձեր խնդիրների լուծմանը: Ես քանիցս ասել եմ՝ եթե քեզ հետ շախմատ են խաղում, դու չես կարող կացինը առնել և փորձել այդ ճանապարհով խնդիրը լուծել: Դու պետք է հաղթես քո մրցակցին իր իսկ գործիքով, իր իսկ խաղի թելադրած, ինչու չէ նաև պարտադրած կանոններով:

Սա է ճանապարհը: Մենք մեր քաղաքացուն անկեղծ բացատրում ենք և նույնիսկ այն քաղաքացին, ով հիասթափված էր փետրվարյան իրադարձություններից հետո, նա հասկանում է, որ ճանապարհը սա է: Մեր օրակարգը չի փոխվել, բայց այո՛, մեր ռազմավարությունը փոխվել է, որովհետև մենք մեր օրինակով հասկացել ենք, որ փողոցում պայքարելու ճանապարհով հնարավոր չէ այդ խնդիրների լուծմանը հասնելը: Միայն քաղաքացու հետ անկեղծ զրուցելով է կարելի շահել նրա վստահությունը:
Եվ մեկ էլ մի կարևոր խնդիր. որքան մոտենան խորհրդարանական ընտրությունը այնքան իրավիճակը սրվելու է: Ես կոչ կանեմ քաղաքական ուժերին՝ մի՛ փորձեք ձեր քաղաքական օրակարգը համարել միակ ճշմարիտը և անվանարկել, վատաբանել, պախարակել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնց դուք չեք կարողանում օգտագործել ձեր քաղաքական ծրագրերը իրականացնելու համար: Խոսքս վերաբերում է հստակ, կոնկրետ քաղաքական ուժերի, ովքեր՝ տեսնելով, որ չեն կարողանում ԲՀԿ ռեսուրսները տարբեր մանիպուլյացիաների ենթարկելով ծառայեցնել իրենց նպատակին, անցել են շանտաժի՝ բացարձակ անպտուղ և անիմաստ գործելաոճի: Դա շատ վատ տեղ տանող ճանապարհ է, որովհետև, եթե ԲՀԿ-ն տվյալ քաղաքական ուժերի վերաբերյալ որոշի հանկարծ փակագծեր բացել, ապա դրանք ուղղակիորեն կվերանան քաղաքական դաշտից: Ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ և վերջին անգամ զգուշացնում եմ տվյալ քաղաքական ուժերին: Դուք գտնում եք, որ ձեր ընտրած ռազմավարությունը ճիշտ է, Աստված Ձեզ հետ, մենք ձեզ ո՛չ վերլուծում ենք, ո՛չ քննադատում ենք, ո՛չ մեկնաբանում եք, ո՛չ էլ ընդհանրապես դուք մեր հետաքրքրությունների տիրույթում եք:

Նրանք առաջնորդվում են կարգախոսով՝ «ով մեզ հետ չէ՝ ծախված է իշխանությանը» կամ «ով մեզ հետ չէ՝ ազգի դավաճան է»: Եթե իշխանություններին ծախված լինելու մասին փորձենք խոսել, ապա այնպիսի փակագծեր կբացենք, որ տվյալ քաղաքական ուժերը ռետինով կջնջվեն Հայաստանի քաղաքական ներկապնակից: Ես կարծում եմ, հստակ ասացի, և ես դա ասել եմ նաև իրենց հետ անձնական շփումների ժամանակ: Մի այրեք համագործակցության վերջին կամուրջները, մի փորձեք այնպիսի տպավորություն ստեղծել, թե դու եք միակ ճշմարիտը: Եթե ձեզ չի հաջողվում «Բարգավաճ Հայաստանի» ռեսուրսները օգտագործել, դա ձեզ իրավունք չի տալիս մեզ վարկաբեկել: Որ դեսպանի, որ եվրոչինովնիկի օձիքը բռնում են խոսում են միայն Բարգավաճ Հայաստանից... այլ թեմա այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչները չունեն... իրենք չգիտեն, որ այդ նույն միջազգային կառույցների ներկայացուցիչները ինձ հետ հանդիպման ժամանակ, ուղղակի տարակուսում են, թե ինչո՞ւ են տվյալ քաղաքական ուժերը իրենց խնդիրները թողած քննարկում Բարգավաճ Հայաստանի հարցը: Իրենք իրենց դրել են ուղղակի ծիծաղելի, ողորմելի վիճակում:

Ես հասկանում եմ, շատ մեծ բանից են զրկվել, բայց իրենց կորուստը չի վերադարձվելու, ուստի թող այլ աղբյուրներ փնտրեն, բայց այդ ճանապարհին հանգիստ թողնեն ԲՀԿ-ին:

Տիկին Զոհրաբյան, որո՞նք են ՀՀ իշխանությունների և ընդդիմութան ուժեղ և թույլ կողմերը:

- Միգուցե իշխանությունների համար ամեն գնով այդ իշխանությունը պահելու մարտավարությունը, իր բուրգը մոնոլիտ պահելը առավելություն է, բայց երբ երկրում տարիներ շարունակ ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվում, ապա այստեղ ես առավելություն չեմ տեսնում: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ամենամեծ թուլությունը ընդդիմության պառակտվածությունն է: Ընդդիմադիր որոշ քաղաքական ուժեր իրենց թիրախ հռչակում են ոչ թե իշխանությանը, ինչը պետք է լիներ տրամաբանական, այլ հռչակում են ընդդիմադիր այլ քաղաքական ուժերի և փորձում են նրանց դեմ սրբազան պայքար մղել: Ընդդիմության պառակտվածությունն է ընդդիմության ուժը:

Ըստ Ձեզ, 2015թ.-ին ՀՀ-ն ի՞նչ շահեց և ի՞նչ կորցրեց, իրադարձություններ որոնք տպավորվել են:

- Ինչ-որ ակնառու ձեռքբերումներ ես կդժվարանամ նշել, բայց երևի թե Ցեղասպանության զոհերի ոգեկոչման 100-ամյակը, որը Ցեղասպանության ճանաչման գործին մի նոր ալիք հաղորդեց, որը ես շատ կարևոր եմ համարում:

Ցավում եմ, որ Լեռնային Ղարաբաղի բանակցությունների գործում այս տարի որևէ առաջընթաց չգրանցվեց, ավելին՝ այսօր կարող ենք արձանագրել, որ գործ ունենք չհայտարարված պատերազմի հետ: Ցավում եմ, որ միջազգային հանրությունը շարունակում է անարձագանք թողնել այս խնդիրը, ինչը ուղղակիորեն նշանակում է աջակցել ագրեսորին, որովհետև երբ ագրեսորին իր տեղը ցույց չես տալիս, ապա քո լռությունը ագրեսոր Ադրբեջանին աջակցություն է:

Տնտեսական ոլորտում էլ դժվար է խոսել ձեռքբերումների մասին, բայց նաև պետք է հասկանանք, թե այսօր ինչպիսի աշխարհաքաղաքական վիճակում է գտնվում Հայաստանը և թե ինչ է այսօր կատարվում սահմանին, մենք այլևս չհայտարարված պատերազմի մեջ ենք, և այդ ամենը հասկանալով, ամեն քաղաքական ուժ պետք է առկա իրողությունը, ներքին և արտաքին մարտահրավերները հաշվի առնելով կառուցենք մեր մարտավարությունը՝ չվնասելով երկրին:

Իսկ ամռանը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձությունները չեք համարո՞ւմ ձեռքբերում:

- Համարում եմ... երիտասարդական այն շարժումները, որոնք որևէ այլ հասատատությունից գործուղված չէին, այլ ինքնաբուխ եկել էին այնտեղ պայքարելու իրենց իրավունքների համար, ապա այս շարժումը ես միանշանակ ողջունում եմ, բայց այնտեղ կային նաև խմբակներ, որոնք գործուղված էին տարբեր շենքերից, հասարակական շարժման իմիտացիա ստեղծելու համար: Բայց մեծ հատվածը իսկապես ազնիվ, նվիրյալ երիտասարդներ էին և ես դա շատ կարևոր եմ համարում ՀՀ-ում քաղաքացիական առողջ հասարակություն ձևավորելու առումով:

Վերջում, ամանորյա շնորհավորանք և ուղերձ ունե՞ք հայ հասարակությանը:

- Իշխանությանը՝ ամեն գնով չփորձել միշտ պահել իշխանությունը, ընդդիմությանը՝ երբեք իրեն չհամարել ամենամիակը, ամենաճշմարիտը և չփորձել վարկաբելել այլ քաղաքական ուժերի` սեփական դոմինանտությունը և բացառիկությունը շեշտելու համար, հասարակությանը՝ ներողամիտ լինել քաղաքական այն ուժերի հանդեպ, ովքեր իրապես և անկեղծորեն փորձեցին իրականացնել հասարակական պահանջը, բայց ինչ-ինչ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չկարողացան և, իհարկե, խաղաղություն սահմանին և թող ոչ մի զինվոր չզոհվի, որովհետև դա է այսօր մեր ամենամեծ խնդիրը: