Իմ գրքերը միշտ իմ էության մասնիկներն են, ամեն նախադասություն, ամեն մանրամասնություն ծնունդ է առնում մի իրական եղելությունից: Անշուշտ, իմ հիշողությունը թեմատիկ է: Այսքանով հանդերձ ուզում եմ մեկընդմիշտ ասել, որ Գարսիա Մարկեսը ռեալիստ գրող է և զուրկ է երևակայությունից: Հետո երբեմն պատահում է, որ նա հասնում է ռեալիզմի սահմանից մեկ միլիմետր այն կողմ… Ի վերջո, իմ գրելու տեխնիկան միշտ գալիս է արհեստից` լրագրությունից: Իրական դեպքերը որսալու և լուսանկարելու նույն եղանակն է: Հետո վրա է հասնում բանաստեղծությունը և փրկում է կրոնը: Լրագրությունը ընթանում է դեպի գրականություն և հակառակը: Ես եղել եմ լրագրող, հրատարակիչ, երգիչ, կինոռեժիսոր, ու միշտ ասում էին. «Զգուշացիր, այդ բոլորը սպանելու են գրականությունդ»: Ոչ: Գրողին, ով կարողանում է պատմել, ոչ ոք չի կարող սպանել: Նույնիսկ մահը:

Հիշողությունը պահպանում է իսկական հիշատակներ, կարևորները: Սարսափելին եղելությունը արձանագրելն է: Երբեմն երևում է, երբեմն թաքնվում: Մի օր փողոցում տաքսի եմ տեսնում, չեմ կանչում, քանի որ լիքն է: Հետո մոտենում եմ ու տեսնում, որ դատարկ է: Վարորդին ասում եմ. «Մի մտահոգվեք, կախարդանք է, որ հաճախ է պատահում»: Դեպքը պատմում եմ Լուիս Բունյուելին: Ասում է. «Գեղեցիկ է, բայց պատմություն չէ»: Իսկ հետո գալիս է գրելու մղձավանջը: Ամեն առավոտ երկու ժամ ստամոքսի ցավեր, վերջապես հանկարծակի ինչ-որ բան է սկսում հայտնվել: Գիրը հորդում-ցայտում է ջրի պես: Գիրը սաղմնավորվում է, բայց երբեմն գրիչը քեզ տանում է, սավառնում:

… Վախենում եմ մահից, քանի որ երբեք պիտի չկարողանամ այն պատմել: Մինչդեռ սերը իմ միակ գաղափարականությունն է: Սերը սկիզբ է առնում ամեն առավոտ: Բայց կարող է վերջանալ ամեն երեկո: Սերը հավերժ է, քանի դեռ տևում է: Գոյություն չունի հավատարմություն: Գոյություն ունի ուղղամտությունը: Հնարավոր է սիրել հինգ կնոջ միաժամանակ, եթե կնոջ հանդեպ ճշմարտացի ես: Կինը ամենասքանչելի հայտնությունն է, բայց նրան տիրելու համար հարկավոր է մի ամբողջ կյանք ջանալ: Երբեք պետք չէ անել առաջին քայլը: Մերժված մարդը դատապարտված է: Կանայք ապագան են: Մեկն ասել է. «Եթե տղամարդիկ կարողանային ծննդաբերել, վիժումը սուրբ արարք կհամարվեր»: Աֆորիզմ, որը հարկ է շրջել:

Այժմ ես ավելի շատ եմ շտապում: Առաջներում ես, ըստ սովորության, ասում էի. «Այդ կարող եմ անել 20 կամ 30 տարի հետո», սակայն այժմ գիտեմ, որ ես չունեմ այդ 30 տարվա պաշարը: Թեպետ աշխատում եմ հաղթահարել դա, երբ նստում եմ գրասեղանի առջև: Ոչ մի բան ինձ չի կարող ստիպել հրաժարվել նրանից, ինչ ես անում եմ: Ես գրում եմ, և դրանում իմ ամբողջ կյանքն է:

… Ես ունեցել եմ անսովոր մանկություն: Ես մեծացել եմ սնահավատ մարդկանց միջավայրում, որոնք օժտված էին հարուստ երևակայությամբ: Նրանք ապրում էին պատրանքների մշուշոտ աշխարհում: Իմ տատիկը, օրինակ, միանգամայն բնականորեն գիշերները ինձ պատմում էր այնպիսի հեքիաթներ, որոնցից մազերս բիզ-բիզ էին կանգնում: Իմ պապը մի վիթխարի ծերուկ էր, որն ասես սավառնում էր ժամանակի մեջ, և ես նրան շատ էի սիրում: Ութ տարեկան էի, երբ նա մեռավ: Ես շատ ծանր ապրեցի նրա մահը: Նա պատմում էր ինձ իր կյանքի և այն ամենի մասին, ինչ կատարվում էր մեր գյուղում ու գավառում` սկսած անհիշելի ժամանակներից: Նա մանրամասն պատմում էր նաև իր մասնակցած պատերազմների և ուրիշ իրադարձությունների մասին, որոնք խորը հետք էին թողել Կոլումբիայի կյանքում:

Մայրս հրաշալի կին էր: Մի անգամ, երբ նրան հարցրեցին, թե իր որդին տաղանդավոր լինելու համար ինչին է պարտական, նա աչքը չթարթելով պատասխանեց. «Սկոտի հեղուկին»: Կամ ահա մի ուրիշ բան. դուք գիտեք, որ ես մի քանի եղբայր ունեմ: Ամեն անգամ, երբ մեզնից մեկը ինչ-որ տեղ պիտի մեկներ, նա մոմ էր վառում և սկսում աղոթել: Իսկ հիմա մենք բոլորս ապրում ենք տարբեր վայրերում, և երբ վերջին անգամ հանդիպեցի մորս` ինձ ասաց. «Գիտե՞ս, հիմա իմ տանը անընդհատ մոմ է վառվում, գուցե ձեզնից մեկը մի տեղ կթռչի, իսկ ես չեմ իմանա…»:

Իմ ընտանիքի բոլոր անդամները ինձ համար մեծ նշանակություն ունեն և այս կամ այն կերպարով հանդես են գալիս իմ վեպերի մեջ: Ես երբեք չեմ մոռանում, որ փոստի ծառայողի որդի եմ Արակատակայից: Եվ կարծում եմ… դեռ ուշ չէ երկրագնդի վրա ընդհանուր տուն ստեղծելու երազանքի իրագործման համար, որպեսզի ոչ մի ժողովուրդ չկարողանա թելադրել իր կամքն ուրիշներին:

Սիրարփի Մարգարյան