«168 Ժամ» թերթը գրում է.

«Շուրջ երկու ամսվա բանակցություններից հետո Հանրապետական և Դաշնակցություն կուսակցությունների միջև երեկ վերջապես ստորագրվեց քաղաքական համագործակցության համաձայնագիրը: Այն բավական ծավալուն փաստաթուղթ է, որտեղ ներկայացված են միայն բարի նպատակներ, գեղեցիկ, նվիրական ու հոգեպարար ձևակերպումներ: Ժանրի կանոնների համաձայն:

Հասկանալի է, Հանրապետականն ու Դաշնակցությունը նախագահական նստավայրում ստորագրված փաստաթղթում չէին ամրագրելու, որ ընտրություններից մեկ տարի առաջ համագործակցության անվան տակ դե ֆակտո կոալիցիա են կազմում՝ 2017 թվականի ընտրություններում որևէ ձևաչափով միասնաբար հանդես գալու համար:

Եթե մի կողմ թողնենք երեկ հրապարակված փաստաթղթի ականջահաճո ձևակերպումները, ապա կարելի է արձանագրել, որ այն համաձայնություն է մի կողմից՝ իշխանության պահպանման/վերարտադրման (ՀՀԿ-ի համար), մյուս կողմից՝ ապագա խորհրդարանում տեղ ունենալու և Ազգային ժողովից դուրս չմնալու մասին (ՀՅԴ-ի համար): Այլ կերպ ասած, սա երկու կուսակցությունների միջև ձեռք բերված պայմանավորվածություն է ոչ այնքան՝ այսօրվա, որքան՝ ապագայի իշխանության բաշխման մասին: Ու այս համաձայնագրի հիմքում ընկած է որևէ մեկի կողմից չբարձրաձայնվող, բայց առնվազն այս երկու կուսակցությունների ներկայացուցիչների կողմից որպես գրեթե կայացած փաստ ընդունվող այն «համոզմունքը», որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ՀՀԿ-ն:

Այսինքն՝ մեծ հաշվով, սա քաղաքական համաձայնագիր է Հայաստանում ընտրական ինստիտուտի չգոյության, քաղաքացիների կամարտահայտման իրավունքի իմիտացիոն բնույթի մասին: Սա արձանագրում է այն մասին, որ 2017 թվականի ընտրություններին «ավելի ժողովրդավարական» տեսք տալու համար, ՀՀԿ-ն բացարձակ/կայուն մեծամասնություն կկազմի ոչ թե՝ միայնակ, այլ՝ Դաշնակցության հետ: ՀՀԿ-ականներն ու դաշնակցականները վստահ հայտարարում են, որ սա երկարաժամկետ, հեռանկարային համագործակցություն է, այսինքն՝ ոչինչ չի կարող խարխլել իրար վերագտած կոալիցիոն «գործընկերների» համագործակցությունը:

Նրանց այս հայտարարությունների հիմքում ընկած է ոչ թե՝ նժդեհական ու դաշնակցական գաղափարախոսությունների համահարթեցման ու ներդաշնակեցման ու միահյուսման պատմական «մոմենտը», այլ վստահությունը՝ քաղաքական ընդդիմախոսների, վերջին հաշվով, հասարակության անզորության մեջ:

Որովհետև երեկ ստորագրված համաձայնագիրը կարող է դադարել միայն այն դեպքում, երբ հասարակությունը գոնե մեկ անգամ ինքն իր հետ համաձայնագիր կնքի առ այն, որ չի հանդուրժելու ընտրությունների կեղծումը, որ ոչ միայն չի հանդուրժելու, այլ առաջին հերթին՝ չի մասնակցելու ընտրակեղծարարությանը, ու, որ ոչ միայն՝ չի մասնակցելու ընտրակեղծարարությանը ակտիվորեն, այլ չի մասնակցելու՝ անգամ պասիվ դիրքերից, այսինքն՝ չի վերցնելու 5,10 կամ 20 հազար դրամը ու թույլ չի տալու՝ քաղաքական կուսակցությունները համաձայնագրերով բաժանեն ու վերաբաժանեն այն, ինչը պատկանում է ժողովրդին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: