Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հաստատել է Էյր Արմենիա ( Air Armenia ) ավիաընկերության կողմից ներկայացված առողջացման ծրագիրը: Այս մասին YN.am-ի ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) հետ զրույցում հայտնեց ավիաընկերության մարքետինգի գծով մենեջեր Սիրական Համբարձումյանը:

Նա ասաց, որ ներդրողը լինելու է «Էյր Արմենիա» ընկերության 49 տոկոսի բաժնետեր բրիտանակական «East Prospect Fund» հիմնադրամը, որի հետ ընկերությունը արդեն իսկ համագործակցում էր: Մենք նրան ուղղեցինք մի քանի հարց՝ ընկերության ապագա գործունեության մասին: 

Ի՞նչ է նախատեսում առողջացման ծրագիրը:

- Առողջացման ծրագրով նախատեսվում է նախ և առաջ մարել բոլոր պարտատերերի առաջ ունեցած պարտավորությունները: Այս գործողությունը մենք պետք է ավարտին հասցնենք սահմանված 24 ամսվա ընթացքում: Սկզբում պետք է մարենք գրավով ապահոված պարտավորությունները, այնուհետև, օրենքով սահմանված կարգով, նաև մյուս պարտատերերի առջև մեր ունեցած պարտավորությունները:

Վերջերս հայտարարվեց Հայաստանում նոր ավիաընկերության բացման մասին: Ի՞նչ եք կարծում, այս հանգամանքը ինչպե՞ս կանդրադառնա Էյր Արմենիա ընկերության վրա:

- Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանի համար մեկ ավիափոխադրողը քիչ է: Մեզ անհրաժեշտ է նաև երկրորդը: Էյր Արմենիա ավիաընկերությունը դրական է գնահատում այս քայլը՝ հուսալով, որ համագործակցության արդյունքում ավելի հեշտ կլինի դիմակայել օտար ավիաընկերությունների կողմից իրականացվող դեմփինգային քաղաքականությանը: Ինչպես ասում են՝ «մեկ գլուխը լավ է, իսկ երկուսը՝ ավելի լավ»: Բացի այդ, այս ընկերության բաժնետեր է նաև «Georgian airways»-ը, ում հետ «Էյր Արմենիա»-ն արդեն ունի համագործակցության փորձ: Այնպես որ, ակնկալիքները դրական են:

Իսկ, «Էյր Արմենիա» ավիաընկերությունը, թեկուզ առողջացման ծրագրի շրջանակներում, պետության կողմից աջակցություն կստանա:

- Պետության կողմից աջակցություն որպես այդպիսին մենք չենք սպասում, բայց, իհարկե, եթե օգնություն լինի, միանշանակ դեմ չենք լինի: Կառավարությունը մեզ կարող է աջակցել, առաջին հերթին ապահովելով հավասար պայմաններ, այսպես կոչված, բաց երկնքի քաղաքականության շրջանակներում: Մենք բազմաթիվ անգամներ նշել ենք, որ այլ երկրներում ազգային ավիափոխադրողներին տրամադրվում են մի շարք արտոնություններ՝ թե՛ պետական մարմինների կողմից, թե՛ անգամ օդանավակայանների: Իսկ մենք ստիպված ենք լինում վճարել բոլոր տուրքերն ամբողջությամբ՝ այն էլ դոլարով, իսկ դոլար ռուբլի հարաբերակցությունը, ինչպես գիտեք, այսօր մեծ տարբերություն է առաջացնում: Սրանք են հիմնական խնդիրները, որտեղ պետությունը մեզ կարող է աջակցել:

Ի՞նչ ժամանակահատված է սահմանված առողջացման ծրագրով: Կարո՞ղ եք մոտավորապես նշել, թե երբ իր գործունեությունը կվերսկսի «Էյր Արմենիա» ավիաընկերությունը:

- Առողջացման ծրագրով նախատեսվում է առկա բոլոր պարտավորությունները կատարել 24 ամսվա ընթացքում: Դեռևս վաղ է թռիչքների վերսկսման հստակ ժամկետ նշելու համար, սակայն մենք նախատեսում ենք դա անել ամենաթեժ սեզոնին: Ամենայն հավանականությամբ, դա կլինի ամառը, սակայն, եթե ուշացանք, ապա հաստատ չենք շտապի: Գիտեք, գործունեության վերսկսումը կապված է բազմաթիվ գործընթացների հետ, այդ իսկ պատճառով հստակ ժամկետ նշելը դժվար է: