«Նովրուզի կապակցությամբ Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվն անցած տարվա համեմատ այս տարի ավելացել է շուրջ 20-30%-ով։ Այս մասին 168.am–ի հետ զրույցում ասաց «Տաթև» տուրիստական ընկերության ղեկավար Առլեն Դավադյանը։ Ըստ նրա իրանցի զբոսաշրջիկների հոսքի ավելացումը պայմանավորված է Թուրքիայում առկա խնդիրներով, այդ երկիրն անապահով է, և իրանցիներն այս տարի չեն գնում այնտեղ. «Իրանցիները շատ մեծ քանակով էին գնում Թուրքիա։ Այժմ այլընտրանքը Հայաստանն Է, Ադրբեջանը և Վրաստանը»։

Ա.Դավուդյանի խոսքով, սակայն, հայերը միանշանակ դրական չեն վերաբերվում իրանցիներին. «Խնդիր կա տեղացի ժողովրդի հետ, որ իրենք չգիտեն ինչպես ճիշտ վարվել իրանցի զբոսաշրջիկների հետ։ Ժողովուրդը կարծես չի կարողանում հարմարվել այլ կրոնի, այլ դավանանքի մարդկանց այստեղ ընդունելու հետ, խնդիրներ ունենք, իրանցիները շատ են բողոքում, որ անհարգված են զգում, վատ վերաբերմունք կա։ Եվ այս տարի, քանի որ իրանցիները մի քիչ ավելի շատ են, ավելի շատ ենք հանդիպում նման երևույթների, մի քանի դեպքեր եղել են, տաքսիների, խանութների հետ անհամություններ են եղել։ Իրանից 12-13 հազար մարդ Է գալիս, կարող Է նրանցից մի 50-ն Էլ գող լինի, բայց դա ընդհանրացնել բոլորի վրա, ճիշտ չէ։ Այդ սխալ վերաբերմունքը կա։ Եթե մենք ուզում ենք զբոսաշրջային երկիր լինենք, պետք է ժողովուրդը սովորի հարգել մեզ մոտ եկած հյուրերի սովորույթներն ու իրենց, հակառակ դեպքում չի ստացվի ցածր չնստել, իսկ վերևն էլ մեզ համար տեղ չկա»,– ասաց նա։

Ըստ Ա.Դավուդյանի իրանցիները Հայաստանում մնում են 3 գիշեր, 4 օր, դրանից ավելի այստեղ անելու բան չկա։ Գալիս են տարբեր խավերի ներկայցուցիչներ, որոնք հանգրվանում են ամենաթանկարժեք հյուրանոցներից սկսած մինչև մոթելներում։ «Հյուրեր կան, որ բրենդային խանութներից գնումներով են գնում, մյուսները դժգոհ գնում են։ Իրենք և հաշվող, և ծախսող ժողովուրդ են, ժլատ չեն, բայց փողի գինն էլ գիտեն, ռուսների նման շռայլ չեն, բայց իրենց հանգստի, սննդի համար ըստ պահանջի ծախսում են»,– նշեց Դավուդյանը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: