100 LIVES նախաձեռնության համահիմնադիր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանն անիրական էր համարում «Ավրորա» մրցանակաբաշխության իրականացումը: «Արմեն պրես»-ի փոխանցմամբ` այս մասին գործարարը խոստովանեց ապրիլի 23-ին 100 LIVES և «Ավրորա» մրցանակ նախաձեռնությունների կազմակերպած Aurora Dialogues քննարկումների մեկնարկին:

«Ուրախ եմ ձեզ ողջունել հատկապես Մատենադարանի կամարների ներքո: Երկու տարի առաջ, երբ պատմում էի իմ երազանքի մասին, այն անիրական էր թվում: Այսօր փաստ է, որ հավաքվել ենք Հայաստանի եզակի հաստատությունում` հին ձեռագրերի ինստիտուտում: Ուրախ եմ ձեզ հայտնել հետևյալը` մենք 100 LIVES-ի շրջանակում հավաքեցինք ցեղասպանության վերապրածների պատմությունները, ներկայացրինք դրանք: Սրանք պատմություններ են, որտեղ ընտանիքի անդամները պատմում են իրենց փրկության մասին: Դրանք այսօր շատ ազդեցիկ են հնչում: Մենք նաև նախաձեռնել ենք թվայնացնել արխիվային փաստաթղթերը: Ցավոք, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանն առնչվող շատ փաստաթղթեր չեն գտնվել, բայց եղածները պահպանելու ենք սերունդների համար»,-նշեց Ռուբեն Վարդանյանը:

Նրա խոսքով` նախաձեռնության շրջանակում սիրիացի փախստական 100 երեխաների համար կրթաթոշակ է սահմանվել, որպեսզի նրանք սովորեն լավագույն դպրոցներում:

«Մեր ձգտումն է պահպանել մեր պատմությունը, թույլ չտալ, որ այն մոռացվի: Այս օրերին չափազանց կարևոր թեմաների մասին կխոսենք: Անկախ այն բանից, թե աշխարհի որ ծայրում ենք ապրում, կարող ենք փոփոխություններ իրականացնել: Համոզված եմ, որ միասին կփոխենք աշխարհը»,-հավելեց Ռուբեն Վարդանյանը:

Ապրիլի 23-ին 100 LIVES և «Ավրորա» մրցանակ նախաձեռնությունը անցկացնում են Aurora Dialogues քննարկումները՝ աշխարհի առաջատար գիտնականների, բարերարների, մեդիա-փորձագետների և մարդասիրության ոլորտի առաջատարների մասնակցությամբ: Այն մասնագիտական քննարկումների շարք է՝ նվիրված մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին աշխարհում։ Ելույթների, քննարկումների և հարցուպատասխանի միջոցով՝ Aurora Dialogues-ը նպատակ ունի սկիզբ դնել հանրային քննարկումների, որոնք կանդրադառնան անցյալից դասեր քաղելու, ներկայում գործելու և ա ելի լավ ապագա ձևավորելու կարևորությանը։ Քննարկվում են մարդասիրական ոլորտի հիմնախնդիրների ներկա վիճակը, փախստականների համաշխարհային ճգնաժամը, մարդասիրության գործում կանանց դերը և հումանիտար ճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հարցում զանգվածային լրատվության հնարավորությունները։