«Էյր Արմենիա» ավիաընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրված է հայտարարություն՝

«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես ձեզ հայտնի է 2015 թվականի նոյեմբերի 2-ին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ»-ի հայցով «Էյր Արմենիա» ՓԲԸ ճանաչվել էր սնանկ:

2016 թվականի մարտի 15-ին ընկերության համասեփականատեր «Իստ Պրոջեկտ» Ֆոնդի կողմից ներկայացված առողջացման ծրագիրը հաստատվել է գրանցված պարտատերերի ժողովի մեծամասնության դրական քվեարկությամբ (98%), որն էլ հաստատվել է Կենտրոն-Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանի կողմից:

Ըստ առողջացման ծրագրի պայմանների՝ ներդրումները պետք է սկսվեին 2016 թվականի հունիս ամսից, իսկ մինչ այդ պետք է իրականացվեին մի շարք գործառույթներ ընկերության բնականոն գործունեությունը վերսկսելու նպատակով: Այդ ժամանակահատվածում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ»-ում «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի գրավադրված գույքի մի մասը վաճառվել է, որով մարվել է ընկերության պարտավորության մի մասը հանդեպ «Էյչ-Էս-Բի-Սի» բանկ Հայաստան ՓԲԸ-ի: Միևնույն ժամանակ կառավարչի կողմից իրականացվել են ընկերությանը պատկանող գույքի հաշվառման և գնահատման աշխատանքները:
«Էյր Արմենիա» ավիաընկերության շահագործողի վկայականի ժամկետը լրացել է 2016 թվականի ապրիլի 2-ին:

Ներդնողների կողմից ընկերությանը վարձակալության պայմաններով տրամադրվել էր Ա320-211 (սերիա N.0726) տիպի օդանավ, որը անհրաժեշտ է ընկերության շահագործողի վկայականի ժամկետը երկարացնելու և թռիչքները վերսկսելու համար:

Ընկերության կողմից ՀՀ ՔԱԳՎ ներկայացվել է գրություն համապատասխան փաստաթղթերով, որոնք անհրաժեշտ էին վկայականի տրամադրման համար: ՀՀ ՔԱԳՎ կողմից ընկերության ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում դրական գնահատական է տրվել օդանավի տեխնիկական վիճակի, ավիացիոն անվտանգության վերաբերվող փաստաթղթերի վերաբերյալ: Բացակայել է ՀՀ տարածքում նշված Ա320-211 (սերիա N.0726) տիպի օդանավի տեխնիկական սպասարկումը ապահովող ընկերության հետ պայմանագիրը:

ՀՀ տարածքում տվյալ պահին ՀՀ գրանցված օդանավերի տեխնիկական սպասարկում իրականացնելու իրավունք ունի միայն մեկ ընկերություն՝ Աքիլա Տեխնիքս ՍՊԸ: Նշված ընկերությանը «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն ունի դեբիտորական պարտք 15,000,000 դրամի չափով:

Հաշվի առնելով այդ պարտքի առկայությունը՝ «Աքիլա Տեխնիքս» ՍՊԸ հրաժարվել է «Էյր Արմենիա» ՓԲԸ պատկանող Ա320-211 (սերիա N.0726) տիպի օդանավի «Զվարթնոց» օ/կ տարածքում տեխնիկական սպասարկում կատարելու վերաբերյալ պայմանագրի ստորագրումից:

Այս պայմանագրի բացակայությունը արդարացի հիմք է հանդիսացել ՀՀ ՔԱԳՎ- ի համար «Էյր Արմենիա» ավիաընկերության շահագործողի վկայականի տրամադրման մերժման համար:

Նշված իրավիճակում օդանավի տեխնիկական սպասարկումը ապահովելու համար միակ հնարավոր տարբերակը հանդիսանում է օտարերկրյա որևէ համապատասխան լիցենզիա ունեցող ընկերության հետ պայմանագրի կնքումը, որը, իր հերթին, ըստ օրենքի, պետք է ստանա ՀՀ գրանցված օդանավերի տեխնիկական սպասարկման իրավունք ՀՀ ՔԱԳՎ-ի կողմից՝ ունենալով ՀՀ տարածքում սպասարկման կետ: Նշված գործընթացը իրականացնելը բավական ժամանակատար և ծախսատար է:

Սույն թվի հուլիսի 13-ին ներդնողը դիմել է սնանկության գործերով կառավարչին առ այն, որ, չնայած օդանավի առկայությանը, առ այսօր «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն շահագործողի վկայականը երկարացված չէ, ևս մեկ անգամ վերահաստատել է իր կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պատրաստակամությունը, սակայն խնդրել է ներդրումների ժամկետը սահմանել շահագործողի վկայականի տրամադրման օրից հետո մեկ ամսվա ընթացքում:

Ըստ ՀՀ օրենսդրության նշված իրավիճակում պետք է քննարկման դրվի առողջացման նոր ծրագիր, նոր ժամանակացույցով:

Ընդհանուր առմամբ ՀՀ օրենսգրքի «Սնանկության մասին» օրենքի առողջացման ծրագրին վերաբերվող դրույթները, իմ անձնական կարծիքով, շատ թերի են:

Դատարանի կողմից առողջացման ծրագրի հաստատումից հետո միևնույնն է ցանկացած պահի, ցանկացած կրեդիտոր կարող է կասեցնել ընկերության գործունեության բնականոն ընթացքը, և օրենքը այդ առումով որևէ լծակ կամ գործառույթ չի նախատեսում նմանատիպ խոչընդոտները կասեցնելու համար:

Պետք է նշել նաև, որ չնայած սնանկության վճռին և առողջացման ծրագրի հաստատմանը՝ առ այսօր «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի բանկային հաշիվների և գույքի վրայից կալանքները վերացված չեն, ինչը իր հերթին խոչնդոտել և խոչնդոտում է ընկերության գործունեությանը:

Նշված իրավիճակում հաշվի առնելով, որ ՀՀ օրենսդրությունը առողջացման ծրագրի առկայության պարագայում անգամ որևէ կերպ չի օգնում ընկերությանը գոնե ժամանակավորապես սառեցնել նախկինում եղած կրեդիտորական պարտքերը, այլև չի նախատեսում միջոցառումների խոչընդոտ հանդիսացող գործընկերների վրա օրենսդրական պարտադրանք գործադրել, որի արդյունքում կապահովվի ընկերության գործունեությունը (առողջացումը)՝ «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն պետք է հրավիրի բաժնետերերի և տնօրենների խորհուրդ, որտեղ պետք է քննարկվի ընկերության հետագա անելիքները…

Հարգանքներով՝ Արսեն Ավետիսյան

(Կից ներկայացված են համապատասխան փաստաթղթերի պատճենները)»: