Ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանությունից հետո առաջին անգամ լրագրողներին թույլ է տրվել մտնել այն տունը, որտեղ կատարվել էր հանցագործությունը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Ավետիսյանների տանը կատարված լուսանկարները: Ակնկալվում է, որ լրագրողների հետ կխոսեն Ավետիսյանների հարազատները:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

2016 թվականի օգոստոսի 23-ին Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Պատժի կրումը հաշվարկվում է 2015թ-ի հունվարի 13-ից: Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (երկու և ավելի անձանց սպանությունը) կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության և զենքի ապօրինի կրման համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: