Այսօր Երևանում կյանքի 77-րդ տարում երկարատև հիվանդությունից մահացել է տաղանդավոր արձակագիր, թարգմանիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը:

Ռուբեն Հովսեփյանը 1962թ. ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը։ 1982-1987 թվականներին եղել է «Սովետական գրող» (այժմ՝ «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիր, 1988-1989 թվականերին՝ ՀԳՄ քարտուղար, 1989 թվականից՝ «Նորք» ամսագրի գլխավոր խմբագիր։

Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ է (2014)։

Նրա պատմվածքներն ու վիպակները հատկանշվում են արծարծվող թեմաների արդիականությամբ («Որոնումներ», 1965, «Երկու վիպակ: Ճիչ: Հայոց թաղ», 1970, «Հնձան», 1972 (համանուն կինոնկար, 1973), «Ամենատաք երկիրը», 1977 (համանուն կինոնկար, 1983), «Երկար, հրաշալի օր», 1980, «Ճայերը», 1980 (ժողովածուներ)):

Ռուբեն Հովսեփյանը նաև թարգմանիչ է, թարգմանել է Լև Տոլստոյ, Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»: