Կոկա-Կոլայի ամերիկյան սինդրոմը սպառնում է նաև Հայաստանին: Ճաշարաններ, սրճարաններ, արագ սննդի կետեր... գրեթե բոլոր սեղաններին Կոկա-Կոլայի շշեր են: Ի՞նչ է սպասվում մեզ... շաքարախտով հիվանդ իմպոտենտների սերունդ:

Ինչու պետք չէ խմել Կոկա-Կոլա

Այս ըմպելիքի 100 գրամի մեջ պարունակվում է 9 գրամ շաքար, 8 գրամ կոֆեին և ընդամենը 0.1 գրամ սպիտակուցներ:
Պարզվում է, սակայն, որ «Կոկա Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության կողմից շշալցվող Կոլան ավելի քաղցր է: Ինչպես տեսնում ենք հայկական արտադրության ըմպելիքի շշի պիտակի վրա, Կոլայի 100 գրամը պարունակում է 10.6 գրամ շաքար: Երևի սա մենթալիտետային առանձնահատկության հետևանք է կամ էլ ընկերությունը որոշել է ավելի արագ ոչնչացնել ՀՀ ազգաբնակչությունը:
Առողջապահական տարբեր կառույցների կողմից շաքարի օրական օգտագործման նորման տարբեր չափով է սահմանվում, սակայն դրանք բոլորը համակարծիք են՝ շաքարի կիրառումը անհրաժեշտ է հասցնել նվազագույնի: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization) 2015թ.-ի հրապարակման, շաքարի օրական օգտագործման քանակը անհրաժեշտ է օրվա սպառված կալորիաների 10 տոկոսից նվազեցնել՝ հասցնելով 5 տոկոսի, ինչը մոտավորապես կազմում է 25 գրամ (6 թեյի գդալ) շաքար:

Այս քանակությունը մոտավորապես հավասար է 3 բաժակ Կոկա կոլայի կամ 0.25 լ տարողությամբ մեկ շշում պարունակվող շաքարին: Այսինքն, այս քանակությամբ Կոկա-Կոլայի օգտագործումը սպառում է մարդու մեկ օրվա շաքարի նորման: Իսկ եթե հաշվի առնենք նաև, որ բացի այս ըմպելիքից մարդը գրեթե բոլոր սննդատեսակների հետ ստանում է շաքար, ինչպես նաև օգտագործում է քաղցրավենիք, ապա հասկանում ենք, որ մարդկությանը լուրջ վտանգ է սպառնում: Պետք է հաշվի առնել նաև, որ Կոկա-Կոլա ամենից հաճախ խմում են երեխաներն ու դեռահասները, ում օրգանիզմի համար չափից ավելի շաքարի օգտագործումը կրկնակի վատ ազդեցություն է ունենում:
Հետևանքներն անխուսափելի են
Վերոնշյալ քանակությամբ շաքարի օգտագործումը մարդու մոտ առաջացնում է.
• Իմունային համակարգի թուլացում
• Շաքարախտ
• Շաքարաշխտը կարող է հանգեցնել իմպոտենտության կամ չբերության հատկապես տղամարդկանց մոտ
• Ադրենալինի կտրուկ ներհոսք, ինչը հանգեցնում է դյուրագրգռության, անհանգստության, ուշադրության անկման
• Կախվածություն. մեծ քանակությամբ շաքարի օգտագործումը սահմանափակելուց հետո առաջանում է հոգնածություն, գլխացավեր, ինչի հետևանքով ձևավորվում է շաքարի մշտական օգտագործման անհրաժեշտություն:
Մենք նշեցինք ընդամենը 5 անխուսափելի հետևանք, սակայն իրականում դրանք հարյուրավոր են:
Մի քանի փաստ
Հայաստանը հանդիսանում է ծերացող երկիր: Հայաստանում պտղաբերության գործակիցը ցածր է, տեղի չի ունենում պարզ վերարտադրություն: 2015թ.-ին ՀՀ պտղաբերության գործակիցը կազմում է 1.6, ինչի նշանակում է, որ կինը չի ապահովում իր և ամուսնու վերարատադրությունը: ԿՀՎ փաստերի համաշխարհային գրքի տվյալներով, ՀՀ-ն 2013թ.-ին պտղաբերության գործակցով 206-րդն է 224 երկրների շարքում: Վերոնշյալ գործակցի ցածր լինելու պատճառները մի քանիսն են: Ըստ բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի խոսքերի, անպտղության ցուցանիշն անցել է 15 տոկոսի շեմը, ինչը խոսում է երկրում լրջագույն աղետի առկայության մասին: Վրեժ Շահրամանյանը որպես անպտղության առաջացման հիմնական պատճառներից մեկը նշում է նաև վատ սնունդը: Մեկ այլ մասնագետի՝ բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանի կարծիքով Հայաստանում 1.5 անգամ ավելացել է տղամարդկանց անպտղության թիվը:
Ֆինանսների մասին

«Կոկա Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը հանդիսանում է ՀՀ խոշոր հարկատուներից: Արդեն երկար տարիներ է ընկերությունը մտնում է խոշոր հարկատուների առաջին 30-ի մեջ: 2016թ.-ի 4-րդ եռամսյակի տվյալներով ընկերությունը վճարել է մոտ 3.6 մլրդ դրամ հարկ, որից 2.2 մլրդն անուղղակի հարկերի տեսքով: Անուղղակի հարկատեսակ է համարվում նաև ԱԱՀ-ն: Ինչպես հայտնի է, ԱԱՀ-ն հարկատեսակ է, որը փաստացիորեն գանձվում է սպառողից: Այսինքն, գնելով Կոկա-Կոլա սպառողը ոչ միայն մեծ վնաս է հասցնում սեփական առողջությանը, այլև կատարում է այս հսկայական ընկերության պարտավորությունները պետության առջև: