Ադրբեջանի Պաշտպանության նախարարության այսօր տարածած տեղեկատվություններն առ այն, թե իբր Մարտունու ուղղությամբ հայկական շտաբ է ոչնչացվել, իսկ Մարտակերտի հատվածում կանխվել է արցախյան կողմի դիվերսիոն-ներթափանցման փորձը, հորինվածքներ են և իրականությանը չեն համապատասխանում:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ արցախյան կողմը երբեք նախահարձակի դերում հանդես չի գալիս և պատրաստ է հակառակորդի ցանկացած սադրանքի հասցնել ջախջախիչ հարված:
Նշենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ևս Tert.am-ի հետ զրույցում ապատեղեկատվություն էր որակել Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը:

«ՀՀ պաշտպանության բանակի պաշտոնական հաղորդագրությունն այդ առումով սպառիչ ամեն ինչ իր տեղը դնում է: Դա ապատեղեկատվություն է և պատշաճ կերպով ամեն ինչ Պաշտպանության բանակը հայտնում է»,- ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը պայմանավորել էր իրենց կրած կորուստներով և պարտություններով: