Նույնիսկ ԱԺ ընտրությունների օրը ոմանք չեն կարողանում զերծ մնալ հակառակորդների հետ չար կատակներ խաղալուց եւ իրենց անցանկալի անձանց դեմ յուրօրինակ մեթոդներով պայքարելուց։ «Հրապարակի» խմբագրություն էր զանգահարել Shame.am լրատվական կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը, ով հայտնել էր, որ իրեն եւ «Ծառուկյան» դաշինքի ԱԺ պատգամավորի թեկնածու, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին ծաղկեպսակ են ուղարկել։ Նա նշել էր, որ դա Տիգրան Ուրիխանյանի ձեռքի գործն է (Խաչատրյանն ու Ուրիխանյանը հին հակասություն ունեն, Տ. Ուրիխանյանը, մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկել, և չթույլատրվող ձայնագրություններ իրականացրել Ա Խաչատրյանի հանդեպ. խմբ):

Ընդ որում՝ մինչ բնակարանի մոտ հայտնվելը, կոտրել են Նաիրա Զոհրաբյանի շենքի մուտքի մոտ տեղադրված տեսախցիկը, ծաղկեպսակի վրա էլ գրված է եղել «Ողորմի Նաիրա Զոհրաբյանին»։

«Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես են վերաբերում այն տեղեկատվությանը, որ Արտյոմ Խաչատրյանը իր եւ Նաիրա Զոհրաբյանի բնակարանների մոտ ծաղկեպսակներ դնելը համարում է Տիգրան Ուրիխանյանի ձեռքի գործը։ «Դա հերյուրանք է, սուտ, բառ չեմ գտնում ասելու։ Արտյոմ Խաչատրյանն առաջին անգամը չէ, որ նման հայտարարություններ է անում»,- արձագանքեց Վարդան Քոչարյանը։

Հիշեցնենք, որ 2008թ․ Երեւանի Ազատության հրապարակում փետրվարյան շուրջօրյա հանրահավաքների օրերին էլ Արտյոմ Խաչատրյանն էր իր համախոհների հետ սգո արարողություններ կազմակերպում ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատան մոտ, երբ նա ցուցարարների հետ գիշերում էր Ազատության հրապարակում։