Այսօր մեռելոց է՝ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի՝ ոչ աշխատանքային օր: Նման տոները 5-ն են:
Ոչ աշխատանքային օրվա պրակտիկան մտցրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա օրոք այս հարցը լուծվեց «մեծածախ» սկզբունքով՝ ողջ տարվա կտրվածքով:
Հովիկ Աբրահամյանը փորձեց փոխել այս դրվածքը, անցնելով «մանրածախ» սկզբունքի՝ ամեն մի մեռելոցի համար կառավարության առանձին որոշում ընդունելով: Խոսում էին, թե նա դեմ է այդ պրակտիկային եւ փորձում է միջանկյալ, «անցումային» ձեւով ազատվել դրանից: Կարծիքներն էլ հակասական էին՝ սկսած նրա անկեղծ ցանկությունից, մինչեւ կաթողիկոսի հետ «առեւտուրն» ու պարզապես Տիգրան Սարգսյանին հակադրվելը:
Կարեն Կարապետյանն այս հարցին հրապարակավ չի անդրադարձել, շարունակվում է Հովիկ Աբրահամյանի սահմանած «կարգը»:
Կարեն Կարապետյանը հայտարարել է համակարգային, արմատական փոփոխություններ, կառավարման ու բիզնես նոր մշակույթ ու մտածողություն ներդնելու անհրաժեշտության մասին: Դա ենթադրում է նաեւ հանրային մտածողության փոփոխություն, որովհետեւ միայն «վերեւից» անհնար է լուծել այս խնդիրները: Եթե «ներքեւները» չեն ցուցաբերում վստահություն ու էնտուզիազմ, նման փոփոխություններն անհնար են դառնում:
Իհարկե, հարց է, թե ինչ նկատի ունի Կարեն Կարապետյանը համակարգային փոփոխություններ ասելով: Եթե դա այն է, ինչը ենթադրում է հանրային-պետական հարաբերությունների եւ իրողությունների ռեֆորմացիա, ապա այս դեպքում առանց հանրության մասնակցության անհնար է: Իսկ նման ռեֆորմացիայի ընդունակ են պետական ազգերը:
Մեռելոցը եւ մյուս «միջոցառումները», ընդհանրապես աշխարհիկ ու հոգեւոր իշխանությունների քաղաքականությունն այնպիսի նուրբ հարցում, որը պայմանական կարելի է անվանել «հանրային գիտակցություն», ուղղված է նրան, որ հայերը դառնում են ծեսի ժողովուրդ: Ոչ թե ծեսեր ունեցող ու պահպանող, այլ ծեսի ժողովուրդ:
Ծեսեր բոլոր ժողովուրդներն էլ ունեն, ողջ խնդիրն այն է, թե ինչ իրողություն է արդեն ավելի բարձր՝ հանրային-պետական մակարդակում:
Հայաստանում ծեսը բարձրացվել է պետական քաղաքականության մակարդակ, բոլորին հայտնի նպատակներով: Ծեսի ժողովուրդն ունի այլ պահանջներ, մոտիվացիա ու վարքի նորմեր, քան պետական ազգը: Վերջին ընտրությունները լիովին բացահայտեցին այս իրողությունը:
Նյութի աղբյուրը՝ Lragir. am