Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում փետրվարի 26-ին տաքսու վարորդին դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող Վարդան Հովսեփյանը իրավապահ մարմիններին պատմել է, որ սպանությունը կատարել է «անհրաժեշտ պաշտպանության սահմաններում»:

«Տաքսու վարորդը հանկարծակի հարձակվել է իմ պաշտպանյալի վրա, որն էլ անհրաժեշտ պաշտպանության սահմաններում գործել է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Հովսեփյանի պաշտպան Աշոտ Հովսեփյանը:

Պաշտպանը հայտնեց նաեւ, որ Վարդան Հովսեփյանի դեպքի պահին ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ չի եղել: Նշենք, որ Վարդան Հովսեփյանն ավելի վաղ ապօրինի թմրամիջոց պահելու եւ իրացնելու համար դատապարտվել էր պայմանական ազատազրկման: Աշոտ Հովսեփյանը կրկին պնդեց, որ իր պաշտպանյալը տաքսու վարորդին նախկինում չի ճանաչել, գյուղի հետ, որտեղ տեղի է ունեցել սպանությունը, նույնպես որեւէ առնչություն չունի:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2017թ. փետրվարի 26-ին Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ գյուղամիջյան ճանապարհին, հայտնաբերվել է Երևանի բնակիչ, 20-ամյա Կարլեն Գրիգորյանի դիակը՝ մարմնի տարբեր շրջաններում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:

Դեպքի վայրի զննությամբ Թլիկ գյուղ տանող ճանապարհի մոտ՝ դիակի հայտնաբերման վայրից 400 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, իսկ մեքենայի կողքին՝ մեկ հատ դանակ: Սպանությունը կատարելու կասկածանքով Թլիկ գյուղի մոտակայքից բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել Գյումրի քաղաքի 25-ամյա Վարդան Հովսեփյանը։

Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորված է։