Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունում բացված արտաբյուջետային հաշվեհամարին հանգանակությունները կտրուկ աճ չեն արձանագրում: Հիշեցնենք, որ այդ գումարներն ուղղվում են Արցախի բանակի մարտունակության բարձրացմանը:
2017 թվականի մարտի 28-ի դրությամբ ամփոփված տեղեկագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ՀՀ դրամով կատարված հանգանակությունների ընդհանուր թիվը կազմում է 2 միլիարդ 519 միլիոն 790 հազար դրամ, դոլարային փոխանցումների հանրագումարը՝ 5 միլիոն 142 հազար 884 ԱՄՆ դոլար, ռուբլով կատարված փոխանցումների ընդհանուր թիվը կազմում է 62 միլիոն 682 հազար 531 ռուբլի: Արտարժույթով կատարված փոխանցումները այսօրվա փոխարժեքով հաշվարկելու դեպքում կազմում են 3 միլիարդ 14 միլիոն 998 հազար դրամ: Ամբողջացնելով հաշվարկը, ստացվում է, որ հանգանակությունների ընդհանուր թիվը կազմում է 5 միլիարդ 534 միլիոն 788 հազար դրամ:
Հանգանակություն կատարած իրավաբանական եւ ֆիզիկական սուբյեկտների առաջին երեք խոշոր փոխանցումը կատարել են «Գազպրոմ Արմենիան» (550 մլն դրամ), ՀՀ ոստիկանության աշխատակիցները (102 մլն դրամ) եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը(100 մլն դրամ):
Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, հատուկ հաշվին փոխանցել է 20 միլիոն դրամ: Զարմանալի է, որ Սեդրակ Քոչարյանի անունը, ազգանունը, եւ հայրանունը ցանկում գրված են մեծատառերով: Փոխանցում կատարած մյուս անհատների անունները փոքրատառերով են գրված (բացառությամբ անվան առաջին տառերից): Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը փոխանցել է 15 միլիոն դրամ: Սերժ Սարգսյանի աշխատակազմը փոխանցել է ընդամենը 2 միլիոն 300 հազար դրամ: Այդ գումարը մի փոքր է ավելի է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի փոխանցումից (2 միլիոն 79 հազար): ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փոխանցել է 3 միլիոն դրամ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը փոխանցել է 100 հազար դոլար: Զարուհի Փոստանջյանի կուսակցության ֆինանսավորման հետ կապվող ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Գրիգորյանը եւս 100 հազար դոլար է փոխանցել նույն հաշվեհամարին: ՀՀ կառավարության կողմից 300 մլն դրամ ԱԱՀ-ի մասով հարկային արտոնություն ստացած «Հով-Խաչ» ՍՊԸ-ն էլ 100 հազար դոլար է փոխանցել:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին 2016 թվականի ապրիլի 4-20 ժամանակահատվածում 4,350 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 3,317,677,639 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն ապրիլի 20-ին՝ 45,894,276 դրամ՝ փոխանցված 155 անձանց կողմից: Մեծ հաշվով փոխանումները էապես չեն աճում:

Նյութի աղբյուրը՝ armtimes.com