ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության միջնորդական պատմության ընթացքում առաջին անգամ ստիպված մատնանշում է, որ իրավիճակի սրման եւ հրադադարի ռեժիմի խախտման նախաձեռնողն Ադրբեջանն է: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Ազգային ժողովում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությանը:

«Սա ստիպված քայլ է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է հրաժարվել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելուց՝ կապված սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման հետ: Մենք պետք է ողջունենք այս հայտարարությունը: Կարծում եմ՝ Մինսկի խումբն Ադրբեջանի կողմից քաղաքական նման վարվեցողության շարունակության պարագայում ճիշտ կլինի մտածի այդ հրադադարի խախտման դեպքերի պարագաներում Ադրբեջանի կողմից մարդկային կորուստների վերաբերյալ տվյալների հրապարակման մասին, քանի որ Ադրբեջանը թաքցնում է սեփական մարդկային կորուստները հասարակությունից»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել՝ շփման գծում վերջին օրերի լարվածության վերաբերյալ։

«Բազմաթիվ հավաստի աղբյուրներից հավաքված տեղեկատվության համաձայն, Ադրբեջանը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա։ Մայիսի 16-ի երեկոյան եւ հաջորդ օրը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի նման գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում եւ տագնապի առիթ են։

Հակասական տեղեկություններ կան վերջին հրետակոծումների թիրախների, տուժածների եւ հասցված վնասի մասին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են լրացուցիչ տվյալներ եւ վերլուծություններ հավաքել՝ առկա իրավիճակի մասին առավել հստակ պատկեր ունենալու համար։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումները, ու կողմերին կոչ անում անել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ հակամարտության գոտում հետագա սրումից խուսափելու համար»: