Վանաձորի Աղայան 74/1 շենքի վերելակի վթարի դեպքից NEWS.am–ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Նշենք, որ մայիսի 31–ին վերելակի անսարքության հետեւանքով հորանն է ընկել Վանաձորի 14–ամյա բնակիչը՝ Լուսինեն, որին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։

Վերելակի սպասարկմամբ զբաղվող Էդիկ Պողոսյանը մանրամասնել է, թե ինչ տեխնիկական խնդիրների հետեւանքով էտեղի ունեցել դեպքը։

«Զամիկանի է առաջացել, կարար շախտի մեջ մի պրովոլկի կտոր, երկու կանտակտ իրար կպած լինի ու նա հասկանա՝ դուռը փակված է եղել, բայց իրականում փակած չի եղել, դուռը տեղում է եղել, լիֆտն էլ չի ընկել, լիֆտը շարժվել ա դրսից դուռը բաց ա մնացել, կաբինայից դուրս են եկել, մի դուռը չփակված՝ բարձրացել ա ու եղել ա դեպքը»,–մանրամասնեց Էդիկ Պողոսյանը, որի խոսքը ընդհատել է Լուսինեի մայրը՝ վրդովված հակադարձելով սպասարկողին. «Խի՞ պտի աշխատի, պիտի սարքեր, որ լիֆտը աշխատեր, երեխիս ինչ օրն ես գցել, չես մարսելու, տականք»։ Դեպքի վերաբերյալ մանրամասներ է պատմել Վիկա Արզումանյանը՝ Լուսինեի ընկերուհին, որը նույնպես սվերալակում է եղել։

«Մենք բարձրանում էին 8–րդ հարկ, 3–րդ հարկում դուրս եկավ մեր ընկերուհին, 4–րդ հարկում բացվեցին երկրորդ դռները, մեզ թվաց՝ խափանվեց, մենք դուրս եկանք, որ շառից փորձանքից հեռու մնայինք։ Դռները փակվեցին, ընկերուհիս մնաց երկու դռների արանքում, ես վերելակի մեջ էի, ձեռքս գցեցի որ օգնեմ, ձեռքս մնաց վերելակի ու հարկի պատի տակ, ինքը դռների արանքից ընկավ, վերելակը բարձրացավ, սկսեցի գոռալ, ընկերուհիները եկան օգնության, բայց Լուսինեն արդեն ընկել էր ներքեւ»։

Վիկա Արզումանյանն ասել է, որ այդ շենքի բնակիչ չէ եւ չգիտի՝ նախկինում նման դեպք տեղի ունեցել է, թե ոչ։

Ավելի վաղ NEWS.am–ը գրել էր, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորանն ընկել էր 14-ամյա Լուսինեն, որը ստացել է բազմակի վնասվածքներ: Նրա մոտ ախտորոշվել է երկու ազդրերի կոտրվածք, գլխուղեղի ցնցում, քթի ոսկրերի կոտրվածք, կասկած կա, որ վնասվել է նաեւ ողնաշարը: Աղջիկը ներկայումս գտնվում է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծանր: Բժիշկները միջոցներ են ձեռք առնում նրա շոկային վիճակից հանելու ու առաջնային բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

Մյուս աղջիկը՝ 14-ամյա Վիկան ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: