Բադալյան եղբայրներ ընկերությունների խմբի մեջ մտնող IT ոլորտում գործող SoftConstruct ընկերությունն արդեն նոր մասնաշենքում է: Նորակառույց շինության պաշտոնական բացումը տեղի ունեցավ հունիսի 17-ին, որին ներկա էին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլ պաշտոնական անձիք:

Հյուրերին դիմավորեցին Վահե և Վիգեն Բադալյանները, ինչպես նաև Ֆասթ Կրեդիտ, Վիվառո և ՍոֆթՔոնստրակտ ընկերությունների աշխատակիցները:

Ողջույնի խոսքում կապի, տրանսպորտի և ՏՏ նախարար պարոն Մարտիրոսյանը շնորհավորեց Բադալյան եղբայրներին նոր մասնաշենք տեղափոխվելու կապակցությամբ և ասաց, որ սա փայլուն օրինակ է պետության և մասնավոր սեկտորի սերտ համագործակցության: Նա ասաց, որ պետությունը ՏՏ ոլորտը համարում է ՀՀ տնտեսության գերակա ճյուղ և աջակցելու է ոլորտում գործող ընկերությունների նախաձեռնություններին:

Վահե Բադալյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց հյուրերին բացման արարողությանը ներկա գտնվելու համար և հակիրճ ներկայացրեց Բադալյան եղբայրների ընկերությունների խմբի գործունեության ուղղությունները՝ ավելի մանրամասն անդրադառնալով ՏՏ ոլորտում գործող ՍոֆթՔոնստրակտ ընկերությանը և նրա ձեռքբերումներին:

Նա նշեց, որ Բադալյան եղբայրներ ընկերությունների խումբը հիմնադրել են դեռ 1989 թվականին՝ հոր Ռոմիկ Բադալյանի, իր և եղբոր՝ Վիգեն Բադալյանի հետ միասին:
Այժմ գործող բիզնեսներից առաջինը ստեղծել են Ֆասթ Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպությունը1994 թվականին: Ներկայումս Ֆասթ Կրեդիտն ունի 20 մասնաճյուղ՝ մոտ 100 հազար գործող հաճախորդով: Ընկերությունը առաջինն է Հայաստանում մասնավոր վարկային կազմակերպությունների մեջ՝ զուտ շահույթի ցուցանիշով: Այն միակն է ոլորտում, որն օգտագործում է համակարգչային սեփական ծրագիր: Պարոն

Բադալյանը տեղեկացրեց, որ Ֆասթ Կրեդիտը տարեկան բացում է 3-ից 4 նոր մասնաճյուղ՝ արդյունքում ամեն տարի ավելացնելով աշխատակիցների թիվը 40-ից 50 աշխատողով:

Բադալյանների գործունեության հաջորդ ուղղությունը ռեստորանային և հյուրանոցային բիզնեսն է: Նախ, 2003 թվականին Հանրապետության 82 հասցեում հիմնադրել են Կովկաս պանդոկ-ռեստորանը, որն իր էքստերյերով, ինտերյերով և խոհանոցով արտահայտում է 19-րդ դարի Կովկասի շունչը: Այնուհետև 2012 թվականից իր դռներն է բացել Կովկաս հյուրանոցային և ռեստորանային համալիրը, որը գործում է Աշտարակի խճուղում:

3-րդ ուղղությունը բուքմեյքերական և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումն է, որտեղ գործող Վիվառո ընկերությունը առաջատարն է Հայաստանում:
Հաջորդ՝ 4-րդ ուղղությունը գյուղատնտեսությունն է, որով սկսել են զբաղվել 4 տարի առաջ: Մոտ 35 հեկտար տարածքի վրա ստեղծել են ինտենսիվ այգեգործական տնտեսություն՝ շուրջ 40.000 մրգատու ծառերով: Տնկիներն ու սարքավորումները ներկրվել են Գերմանիայից և Չեխիայից: Այգին մշակվում է ինտեսիվ կաթիլային ոռոգմամբ և պատված են հակակարկտային ցանցերով:

Այնուհետև պարոն Բադալյանն անդրադարձավ IT ոլորտում գործող ՍոֆՔոնստրակտ ընկերությանը:

Երիտասարդ ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին: Բազմապրոֆիլ ծրագրերի ստեղծմամբ, մատակարարմամբ և դրանց սպասարկումով զբաղվող ընկերությունն իր գործունեության կարճ ժամանակահատվածում հսկայական քայլերով է առաջ շարժվել:
Softconstruct-ը ներկայումս գրասենյակներ է բացել աշխարհի 5 աշխարհամասերի 14 երկրներում: Ձեռք է բերել ավելի քան 500 գործընկեր: Softconstruct-ի և իր հետ փոխկապակցված ընկերությունների աշխատակիցների ընդհանուր թիվն արդեն հասնում է 1600-ի: IT ոլորտում զբաղված աշխատակիցների միջին աշխատավարձը կազմում է 500.000 դրամ:

Երեք տարի անընդմեջ՝ 2015, 2016 և 2017 թվականներին, EGR 2017 մրցանակաբաշխությունում ընկերությունը ճանաչվել է առաջինը «Հաճախորդների լավագույն սպասարկում» անվանակարգում: Տարբեր տարիներին արժանացել է «Տարվա նորարար», «Տեխնոլոգիաների լավագույն մատակարար» և «Խաղային տեխնոլոգիաների լավագույն մատակարար» մրցանակներին: SoftConstruct-ը տարեկան մասնակցում է աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցող ավելի քան 80 էքսպոների:
Ընկերությունը համակարգչային ծրագրեր է մատակարարում և սպասարկում խաղային բիզնեսով զբաղվող կազմակերպություններին՝ BetConstruct բրենդային անվան տակ: Ծրագրեր է ստեղծում բանկային և ֆինանսական ընկերությունների համար՝ FinConstruct անվանումով:

Վահե Բադալյանը ներկայացրեց SoftConstruct ընկերության ստեղծած մի քանի ծրագրեր ևս և հավաստիացրեց, որ ընկերությունը շարունակելու է քայլել ժամանակին համընթաց, ստեղծել և մատակարարել հուսալի ու ապահով ծրագրեր՝ նոր ծավալուն էջ գրելով տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային տարեգրությունում:
Բադալյան եղբայրներ ընկերությունների խմբի մեջ մտնող ընկերությունները 2016 թվականին վճարել են մոտ 2.4 միլիարդ դրամ հարկ և ունեն 2200 աշխատակից:
Հաշվի առնելով նշված ուղղություններում բիզնես գործունեության աճի տեմպերը, ընկերությունը նախատեսում է 2017 թվականին վճարել մոտ 4 միլիարդ դրամ հարկ, իսկ աշխատատեղերն ավելացնել մոտ 300 –ով:

Պարոն Բադալյանը մի քանի խոսքով ներկայացրեց նաև նոր մասնաշենքերը: Տարածքն՝ իր շինությոններով գնվել ենք մոտ երկու տարի առաջ, որը նախկինում եղել է հին Նորքի տրիկոտաժի ֆաբրիկա: Կատարվել է մոտ 6 միլիոն դոլարի ներդրում: Մասնաշենքը հագեցված է բոլոր անհրաժեշտ հարմարություններով և բավարարում է ժամանակակից պահանջներին:

Առկա է ընդարձակ կայանատեղի, ունի մեծ ճաշարան, ֆիթնես սրահ, վարսավիրանոց ու SPA մատնահարդարման սրահ, կինոդիտման և կոնֆերանսների մեծ դահլիճ, բացօթյա սրճարան և այլն: Շրջակայքի կանաչ գոտում աշխատողները կարող են զբոսնել, հանգստանալ, նաև աշխատել նոթբուքերով:

Նա ասաց, որ ընկերությունը հոգ է տանում իր աշխատակիցների մասին, կատարում է առավելագույնը, որպեսզի բազմաքանակ ընտանիքի յուրաքանչյուր անդամ իրեն կարևոր և մոտիվացված զգա և մեր ընդհանուր գործի մեջ մեծ նվիրվածությամբ ու հաճույքով մասնակցություն ունենա:

Վահե Բադալյանը բացահայտեց նաև իր երազանքի մասին: Եթե հաջողվի մոտակա 20 տարիների ընթացքում Հայաստանում ծրագրավորողների թիվը հասցնել 100.000-ի, այդ դեպքում մեր երկիրը դառնա IT ոլորտի համաշխարհային կենտրոններից մեկը և Հայաստանի տնտեսության կառուցվածքում IT ոլորտի մասնաբաժինը կկազմի 30-40 տոկոս: Եվ նա վստահություն հայտնեց, որ դա հնարավոր է:
Այնուհետև հյուրերը Սերժ Սարգսյանի և Բադալյան եղբայրների հետ միասին շրջայց կատարեցին նորակառույց շենքում:

5 հարկանի գեղեցիկ և ապակեպատ մասնաշենքն ունի մոտ 10.000ք.մ. տարածք և շատ յուրօրինակ ներքին դիզայն, որը շատ հիացրեց և զարմացրեց հյուրերին: Շրջայցի ընթացքում հյուրերը այցելեցին կինոդիտման և կոնֆերենց դահլիճ, որտեղ ցուցադրվեց Բադալյան եղբայրների բիզնես գործունեությանը վերաբերող տեսահոլովակ: Եղան ֆիթնես սրահում, այցելեցին բոլոր հարկերով և ծանոթացան ծրագրավորողների աշխատանքային միջավայրին: