Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 27-ին, ժամը 23:22-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի արգելապատնեշին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «ՎԱԶ 2101» մակնիշի 18 OO 751 պետհամարանիշով (վարորդ՝ 32-ամյա Վահե Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արգելապատնեշին:

Մեքենայի վարորդին եւ ուղեւոր՝ 28-ամյա Սիրուն Հարությունյանին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից:

Վայքի ԲԿ տեղափոխման ճանապարհին փրկարարները վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Ըստ շտապօգնության բժիշկների ուղեւորը մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է Վայք քաղաքի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել են գազի բալոնի փականը: