Lragir.am-ը գրում է.

Աշխարհը պատրաստվում է Սիրիայում հանգուցալուծմանը, եւ հիմնական դերակատարները փորձում են իրենց համար ավելի մեծ տեղ ստանալ: Վերլուծաբանները չեն բացառում Իսլամական պետության ջախջախումից հետո Սիրիայի մասնատումը եւ անկախ Քուրդիստանի ստեղծումը:
Վերլուծաբանները հանգուցալուծման մոտ լինելը կանխատեսել են ԱՄՆ երեկվա նախազգուշացումից հետո, որ Բաշար Ասադը մտադիր է ևս մեկ քիմիական հարձակում իրագործել: Ռուսաստանն անմիջապես հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ սադրանքներ են նախապատրաստվում: ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանին քիմիական հարձակման նախապատրաստության ապացույցներ ներկայացնել՝ զգուշացնելով միայն հետեւանքների մասին:
Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստվում են հնարավոր հանգուցալուծմանը: Աստանայի գործընթացի ժամանակ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանն իրենց համար «անվտանգության գոտիներ» են սահմանել, այլ խոսքով, նշել են, թե Սիրիայի որ տարածքներին են հավակնում, եթե չհաջողվի պահպանել երկրի ամբողջականությունը: Ընդ որում, ինչպես սոցցանցերում պնդում են սիրիահայերը, Ռուսաստանը որոշակի տարածքներ է ազատագրում եւ փոխանցում թուրք զինվորականների վերահսկողությանը:
Ռուսաստանը միջազգային ասպարեզում դեռ պայքարում է Սիրիայի «տարածքային ամբողջականության» համար, որի դիմաց, հավանաբար, նավթային ու այլ ռեսուրսներ է ստացել: Սակայն թե Ռուսաստանում, թե Թուրքիայում պատրաստվում են այլ սցենարների:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ են Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն իրականացնել եւ վերահսկողության գոտում ներառել Մանբիջ ու Ռաքքա քաղաքները, որ թույլ չտան քրդական պետության ստեղծումը: «Սիրիայում բացասական գործընթացներ են տեղի ունենում: Եթե դա սպառնալիքներ առաջացնի մեր սահմանների համար, մենք նույն կերպ կարձագանքենք, ինչպես «Եփրատի վահան» գործողության ժամանակ», Իզվեստիային ասել է Էրդողանը:
Ռուսաստանը փորձում է Սիրիայում իր ազդեցության գոտին ընդլայնել ՀԱՊԿ միջոցով: Մոսկվան Ղազախստանի ու Ղրղզստանի հետ բանակցում է Սիրիայում խաղաղարար գործողությանը մասնակցելու շուրջ:
Անսովոր ակտիվություն է ցուցաբերել Հայաստանը, որը մինչեւ հիմա փորձել է չմիջամտել գործընթացներին ու ցույց չտալ իր դիրքորոշումը: Սերժ Սարգսյանը երեկ Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որտեղ «հանձնարարել է պատրաստ լինել Մերձավոր Արեւելքում հնարավոր անբարենպաստ զարգացումներին արձագանքելուն՝ զուգահեռաբար ամրապնդելով ու խորացնելով Հայաստանի ավանդական հարաբերություններն արաբական երկրների հետ»:
Իսկ արդեն այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չի բացառել Սիրիա հայ խաղաղապահներ ուղարկելը «բացառապես մարդասիրական նպատակներով» ու կամավոր սկզբունքով: Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ «չի բացառում իրավիճակի ստեղծում, երբ մենք ցանկություն ունենանք որպես պետություն մասնակցելու, եթե այնտեղ լինեն բոլոր անհրաժեշտ նախապայմանները»: Ճիշտ է, նա նշել է, որ առաջիկայում այդպիսի որոշում չի կայացվի:
Վաղը Բրյուսելում մեկնարկելու է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործունեությանը միացած երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Ադրբեջանի պաշտպանության նախարարն արդեն մեկնել է Բրյուսել: Հայտնի չէ, թե արդյոք Վիգեն Սարգսյանը կմասնակցի նիստին:
Չի բացառվում, որ ՆԱՏՕ-ի նիստին քննարկվի Սիրիայում հանգուցալուծումը եւ խաղաղապահ գործունեության անհրաժեշտությունը: ՆԱՏՕ-ն մեկ ամիս առաջ միացել է ԱՄՆ գլխավորած կոալիցիային:
Հայաստանին կառաջարկվի՞ միանալ ՆԱՏՕ-ի խաղաղապահ նոր առաքելությանը: Թե՞ Հայաստանն արդեն համաձայնվել է մասնակցել գործողությանը Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի «կողմում»:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am