Օրերս Գորիսում 4-ամյա փոքրիկը ընկել է բազմահարկ շենքի 4-րդ հարկից եւ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նոր Վանքի Տափ թաղամասի բնակիչները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել են, որ երեխան այդ պահին տանը մենակ է եղել եւ պատուհանը բացել եւ ընկել է:

Այդ պահին մայրը դուրս է եկել տնից, որպեսզի ջուր բերի, փոքրիկը մոտեցել է պատուհանին մայրիկին կանչելու համար, պատուհանի ցանցը բացվել է, երեխան ցած է ընկել:

Փոքրիկը գլխի եւ մարմնի տարբեր հատվածներում լուրջ վնասվածքներ է ստացվել եւ ծանր վիճակում տեղափոխվել է Երեւան:

Փոքրիկն ունի գլխի շրջանում վնասվածք, թոքերի սալջարդ եւ աջ երիկամի վնասվածք: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը: Նա նշեց, որ երեխան գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակում կա դրական տեղաշարժ: