Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին հուլիսի 19-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից զոհվածի եւ վիրավորների ինքնությունը պարզվել է:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ «Mercedes-Benz ML» մակնիշի 99 RF 899 համարանիշի ավտոմեքենայում եղել եւ Վանաձորի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել 32-ամյա Տիգրան Պետրոսյանը, 27-ամյա Արտակ Հայրապետյանը, իսկ զոհվածը 22-ամյա Ա. Ջուլհակյանն է, ում դին փրկարարները մեքենայից դուրս էին բերել մեծ դժվարությամբ:

Ոստիկանները ներկայումս պարզում են, թե ով է վարել նշված ավտոմեքենան: Վանաձորի բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնել են, որ 32-ամյա Տիգրան Պետրոսյանին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտոն, իսկ Արտակ Հայրապետյանը շարունակվում է բուժում ստանալ Վանաձորի բժշկական կենտրոնում:

Ավելի վաղ NEWS.am-ի Լոռու թղթակիցը հաղորդել էր, որ հուլիսի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:09-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել բետոնե արգելապատնեշին ու շրջվել: Վթարի հետեւանքով քաղաքացիների օգնությամբ մեքենայում գտնվող երկու վիրավորները դուրս են բերվել եւ տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն: Մյուս ուղեւորը արգելափակվել է մեքենայում: Դեպքի վայր ժամանած Լոռու մարզային փրկարարները ուղեւորի դին դուրս են բերել մեքենան բառացիորեն մասնատելով՝ հատուկ տեխնիկայի գործադրմամբ: Դեպքի վայրում աշխատել են Լոռու ճանապարհային ոստիկանները: