Թուրքիայի առափնյա շրջանում 6,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով Միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնին։

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 01:31-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Բոդրում հայտնի հանգստավայրից 12 կմ հեռավորության վրա, հունական Հռոդոս կղզուց 90 կմ հեռավորության վրա:

Երկրաշարժն առաջացրել է ոչ մեծ ցունամի։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Էգեյան ծովի ողջ թուրքական ափի երկայնքով։ Բոդրումի մի քանի հին շենքերի վրա ճեղքեր են առաջացել։ Քաղաքի որոշ շրջաններում տեղի է ունեցել էլեկտրականության անջատում։ Նշվում է, որ Մուղլա քաղաքում կան վիրավորներ. երկրաշարժից վախեցած մի քանի բնակիչներ դուրս են նետվել պատուհաններից և աննշան վնավածքներ ստացել

Ճաքեր են առաջացել նաև Բոդրումի պետական հիվանդանոցի շենքի վրա. հիվանդները տարհանվել են։

Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել հունական Կոս կղզում։ Հին շենքի փլուզումից վիրավորվել է ավելի քան 100 մարդ։ Այս մասին հայտում է Associated Press-ը՝ հղում անելով համանուն քաղաքի քաղաքապետ Գիորգոս Կիրիցիսին։