Միացյալ Նահանգների Կոլորադո նահանգի Լոնգմոնտ քաղաքի ոստիկանության աշխատակից Դևիդ Բոնդեյի հետ զվարճալի միջադեպ է պատահել. փողոցում նրան է մոտեցել 4-ամյա աղջնակ ու խնդրել նրան ստուգել՝ արդյոք նրանց նոր տանը հրեշներ կան, թե ոչ։

Ինչպես հայտնում է ABC հեռուստաալիքը, ոստիկանը լուրջ է մոտեցել առաջադրանքին։ Նա փոքրիկ Սիդնի Ֆարենբրուխի հետ այցելել է նրանց տուն, մտել բոլոր սենյակները, անգամ՝ նկուղ, «հրեշներ» փնտրել բազմոցների ու մահճակալների տակ։

Դեպքի մասին հայտնի է դարձել, երբ փոքրիկի մայրը միջադեպի կադրերը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։ Կինը պատմել է, որ իրենք նոր տուն են տեղափոխվել ընդամենը երկու շաբաթ առաջ, սակայն իրենց զգայուն դուստրը ցանկացել է համոզվել, որ ոչ մի հրեշ իրենց տանը չի ապրում։

«Դա ամենադրական բաներից էր, որ ես արել եմ որպես ոստիկան աշխատանքի ընթացքում»,- հեռուստաալիքին մեկնաբանել է Դևիդ Բոնդեյը, որը, ի դեպ, երեք երեխայի հայր է։

Նրա ղեկավարությունը բարձր է գնահատել ոստիկանի արարքը։