Երեւան-Սեւան ճանապարհին հուլիսի 30-ին հրազենային վիրավորումից մահացած 28-ամյա Դավիթ Առաքելյանին մինչեւ կրակելը դաժան ծեծի են ենթարկել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արգավանդի գյուղապետ Գագիկ Օրդուխանյանը՝ նշելով, որ այդ օրը Դավիթն իր ընկերների հետ գնացել էր Սեւանա լիճ հանգստանալու։

«Ասում են՝ այնքան էին ծեծել, որ ահավոր ծանր վիճակում է եղել, եթե չկրակեին էլ, հնարավոր է՝ մահանար: 5 հոգով են եղել մերոնք, Դավիթի հետ եղել են հորեղբոր տղան, ընկերները, 12 տարեկան երեխա, որը տեսածից այնքան է վախեցել, որ մինչեւ հիմա չի կարողանում խոսել: Թե ինչից է առաջացել վիճաբանությունը, ես ոչինչ չեմ կարող ասել, միայն կարող եմ ասել, որ մեր Դավիթը շատ խելոք, հանգիստ տղա էր, նախաքննությամբ ամեն ինչ կպարզվի»,-ասաց գյուղապետը:

Նա նշեց, որ 28-ամյա Դավիթը վերջերս էր ամուսնացել, մեկ ամսից ծնվելու է նրա առաջնեկը:

Սեւանում նույն օրը սպանվել էր նաեւ 60-ամյա Աշոտ Հովհաննիսյանը՝ ծեծկռտուքի արդյունքում ստացած վնասվածքներից: Ծեծկռտուքը եղել է Աշոտ Հովհաննիսյանի, նրա երկու որդիների եւ Դավիթ Առաքելյանի ու նրա ընկերների միջեւ, ինչից հետո Աշոտ Հովհաննիսյանը մահացած տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ ոստիկանության տվյալների, դրանից հետո Աշոտ Հովհաննիսյանի որդին՝ 28-ամյա Էդգար Հովհաննիսյանը, հետապնդել եւ Երեւան-Սեւան ճանապարհին Դավիթ Առաքելյանին իջեցրել է «Մերսեդես» ավտոմեքենայից ու որսորդական հրացանով կրակել նրա վրա, ինչից հետո մեղայականով ներկայացել է ոստիկանություն:

Սկզբում տեղեկություն տարածվեց, որ Աշոտ Հովհաննիսյանը «Միրաժ» հանգստյան գոտու սեփականատերն էր, սակայն ավելի ուշ այս տեղեկությունը հերքվեց։ NEWS.am-ի տեղեկություններով՝ նա մոտորանավակի վարորդ էր։