Հանգստի այս շրջանում կառավարությունը մի քանի ուշագրավ որոշումներ ընդունեց, որոնք հանրության հետաքրքրությունն են շարժում: Օգոստոսի 3-ին ընդունեց ծխելու դեմ պայքարի ռազմավարություն, որով նախատեսվում է ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման բազմոլորտային սահմանափակումների սահմանում՝ օգտագործման համար արգելված վայրերի ընդլայնում, ծխախոտի գովազդի ամբողջական արգելք եւ այլն: Սիգարետը կթանկանա: Այս ամենի արդյունքում կանխատեսվում է, որ մինչեւ 2020 թվականը 3-5 տոկոսով կպակասի ծխողների թիվը: Դեռ մայիսի 31-ին առողջապահության նախարարն ակնարկել էր այս մասին, ինչը մեծ դժգոհություններ առաջացրեց ծխողների շրջանում:

Հուլիսի 20-ի նիստում էլ աղբահանության վերաբերյալ բանաձեւ ընդունվեց, որով խստացվում է ապօրինի աղբաթափումը՝ չնախատեսված վայրերում թափելու համար տուգանքներ սահմանելով: Սիգարետի մնացորդ նետելու տուգանքը 16 հազար դրամ է լինելու: Այս թեմաները Երեւանում շրջանառվում են արդեն երկար ժամանակ, ու մարդիկ շարունակում են բողոքել: Մեզ համար ուշագրավ է նաեւ գյուղացիների կարծիքը: Ամռան արձակուրդի շրջանում եղանք Գեղարքունիքի մարզի Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր գյուղերում: Գործի եռուն շրջանն էր, բոլորը հողամասում էին, պայքարում էին երաշտի դեմ՝ այգիները մշտապես ջրելով: Մենք էլ մեր «գլոբալ» հարցերով ներխուժեցինք նրանց կյանք:

Սիսակ Ջանոյան, 77 տարեկան

- Բարեւ, պապի, էս համ հող ես ջրում, համ ծխո՞ւմ ես:

- Հա բա ջուրը դանդաղ է, իմ համար ջրում եմ:

- Բա գիտե՞ս, որ մի քանի ամիս հետո էդքան հանգիստ չես կարող ծխել:

- Ինչի՞, կմեռնե՞մ:

- Չէ, մինչեւ էդ կարգելեն ամեն տեղ ծխելը:

- Ո՞վ պտի արգելի:

- Կառավարությունը, պետք է միայն հատուկ գոտիներում ծխեք:

- Հատուկ գոտի է, էլի, մենակ ես եմ, մեկ էլ կարտոշկի բլոճները: Կտամ՝ աչքի թայը կհանեմ, թող մեկն ինձ ասի՝ մի ծխի:

- Իսկ գիտե՞ք, որ աղբն էլ չեք կարող հենց էդպես նետեք հողի վրա։ Կտուգանեն:

- Էլի դրա՞նք են որոշել: Ղալաթ են արել, իմ հողը չէ՞:

- Քո հողը լինելուց բացի՝ բնություն է, կեղտոտում ես:

- Էս բնությունն իրենք են կեղտոտում իրենց անկապ օրենքներով: Իմ համար ջուր էի անում, ի՞նչ մի եկար-սարքիր հանցագործ:

Տիրուհի Պիպոյան, 43 տարեկան

- Իսկ Դուք գիտե՞ք, որ սիգարետը հասարակական վայրերում արգելում են:

- Լավ են անում, ծխողներին էլ պիտի դատեն:

- Ինչի՞ եք էդքան բորբոքված, տանը ծխո՞ղ ունեք:

- Հա բա՞, մարդս էլ, երեք տղերքս էլ բքացնում են:

- Իսկ գիտե՞ք, որ աղբ թափողներին տուգանելու են:

- Այ, էդ լավ չէ:
-Ինչի՞:

- Բա մի հատ զիբիլի համար հասնեմ է՜ն եսիմորտե՞ղ, մեկ-մեկ գցում ենք ուր պատահի:

Ջանիկ Հարոյան, 52 տարեկան

- Հասարակական վայրերում ծխելն արգելելու են, տեղյա՞կ եք:

- Էս խեղճուկրակ գյուղում հասարակական վայր որտեղի՞ց, թող արգելեն:

- Գիտե՞ք, որ սիգարետը պիտի թանկանա:

- Ինչքա՞ն:

- Կրկնակի:

- Ինչո՞ւ:

- Որ չծխեք:

- Սրիկայություն են անում: Թող արգելեն հասարակական վայրում, բայց ինչի՞ են թանկացնում: Իրենք իրավունք ունեն արգելել, ես էլ իրավունք ունեմ ծխել: Մարդ պտի թողնի-գնա, որ իմանան:

- Կառավարությունը կոշիկներով չի քնի, որ գնաք:

- Կոշիկներով չի քնի, բայց դե պետք չէ սենց անել: Էդ մի բանն է մնացել, որ մարդ կարողանում է անել, որ դարդերը մոռանա, կառավարությանը մոռանա, դա էլ չեն թողնում: Ես չեմ ուզում թարգեմ: Ասենք, եկա Երեւան՝ կարտոշկա ծախելու: Լավ գնով ծախեցի. մարդ եմ, չէ՞, ուզեցա նստեմ կաֆե, մի բաժակ կոֆե-արաղով նշեմ: Առանց պապիրո՞զ խմեմ: Դա հանցագործություն է ծխող մարդու դեմ:

Սամվել, 49 տարեկան

- Գիտե՞ք, որ կարճ ժամանակ հետո չեք կարողանա ոնց ուզեք, որտեղ ուզեք՝ ծխեք ու էդպես փողոցի մեջտեղը գցեք սիգարետի մնացորդը:

- Դե կուրիլկա տուր: Մի հատ աղբաման չկա դրված:

- Աղբամանը չգիտեմ, բայց պետությունն արգելում է: Պետք է թողնեք ծխելը: Վնաս է։

- Էդ որ պետությունն էնպես է արել, որ հազիվ ենք գլուխներս պահում, վնաս չէ՞:

- Նախարարն ասում է, որ չհաստատվածները, չկայացածներն են ծխում մենակ՝ լոպպազները:

- Գլուխը պատով է տալիս, մի չհաստատվածն էլ ինքն է: Ես ծխող մարդ եմ, բայց որ կնանիք ծխում են, ոնց որ մի քար տան գլխիս: Նրանց համար պիտի արգելեն:

- Ո՞վ ասաց, որ տղամարդն իրավունք ունի ծխել, կինը՝ չէ:

- Դա էն գլխից է տենց, ինչ մենք էինք անում, հիմա կնանիք են անում:

Ալիսա Նազարյան, 67 տարեկան

- Գիտե՞ք, որ չնախատեսված վայրերում աղբ թափելու համար տուգանք են սահմանելու՝ 16 հազար դրամ:

- 16 հազա՞ր, թալա՞ն է: Բա ո՞ւր թափենք։

- Աղբաման չունե՞ք:

- Հա, բայց պատահում է, որ էն կողմ ենք նետում: Մենք ուզում ենք, որ մաքուր լինի, բայց պատահում է… Դե ասա սաղ թոշակս տվի պետությանը: Դա իրենց բիզնեսն է: Նախագի ախպերը բերելու է կամերաներ դնի, որ տեսնի՝ ով է աղբ գցում, տուգանեն: Դա կամերայի բիզնես է:

Արայիկ Գրիգորյան, 71 տարեկան

-Գիտե՞ք, որ աղբաթափումը սխալ տեղերում տուգանվելու է:

- Լավ կլինի: Ես մաքրասեր եմ ու դեմ եմ, որ ով ուր ասես գցում է: Այ, էս սիգարետը ծխեցի, տես էս լուցկու տուփի մեջ եմ գցում, մինչեւ հասնեմ աղբամանի՝ գցեմ:

- Իսկ գիտե՞ք, որ հասարակական վայրերում էլ ծխելն են արգելելու:

- Լսել եմ, բայց չի ստացվի: Էդ հասարակական վայրերի տերերը հասարակ մարդիկ չեն: Եթե ծխելն արգելեն, կաֆե, բար, հազար ու մի կլուբ քչերը կգնան, փողի շարժ չի լինի, դրանք էլի բացել կտան, կամ էլ օրենքը կմնա, բայց ոչ մեկը չի ենթարկվի, ու իշխանություններն էլ չտեսնելու կտան:

Նյութի աղբյուրը ` hraparak.am