«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սոչիում Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի աշխատանքային հանդիպման օրը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնում հրաժեշտի մամուլի ասուլիս էր հրավիրել: Նա հայտնեց, որ մշտական համանախագահն արդեն նշանակվել է, ինքը հեռանում է, եւ ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի քանի սկզբունքային դրույթներ:

Դա մի կողմից նման էր հաշվետվության՝ Հոգլանդն ուզում էր ասել, որ ահա այս փաթեթով է ինքը համանախագահությունը հանձնում նորանշանակ Էնդրյու Շեֆերին: Մյուս կողմից, սակայն, Ռիչարդ Հոգլանդը նման բան անելու համար լուրջ հիմքեր չուներ, որովհետեւ ինքը ընդամենը ժամանակավոր համանախագահ էր եւ նույնիսկ մեկ տարի չմնաց այդ դերում: Հոգլանդը ստանձնեց ժամանակավոր համանախագահի պարտականությունները մի ժամանակահատվածում, երբ բանակցությունները սառեցված էին, եւ պարտականությունները հանձնում է Շեֆերին, երբ դրանք դեռեւս գտնվում են սառեցման փուլում:

Հոգլանդի հայտարարությունը Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրեց. նրա նշած դրույթները հայկական ականջին հաճելի չէին: Քաղաքագետներն ու վերլուծաբաններն էլ փորձում են գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու ԱՄՆ համանախագահը հեռանալուց առաջ նման բան արեց, ո՞րն էր դրա նպատակը եւ իմաստը:

Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման սկզբունքները, ըստ էության, ներառում են դրույթներ, որ ցանկացած ժամանակ կարելի է այնպես ներկայացնել, որ տհաճ լինեն ադրբեջանական ականջին, եւ հակառակը: Ըստ անհրաժեշտության: Այս անգամ ամերիկացի համանախագահն ընտրել է հայկական կողմին անհաճո տեքստը: Հոգլանդի հայտարարությունը դատապարտեցին ԱՄՆ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ ասաց, որ դրանք անճշտություններ են պարունակում եւ այլն: Բայց քանի որ, մեր խորին համոզմամբ, ներկայում էական չեն այդ դրույթները, կշրջանցենք դրանց բովանդակությունն ու անճշտությունները:
Ավելի կարեւոր է, թե ինչու ԱՄՆ համանախագահը որոշեց նեղը գցել հայկական կողմին եւ ինչու դա համընկավ Սարգսյան-Պուտին հանդիպման հետ:

Կա երկու կարծիք. առաջին, որ համընկնումը զուտ պատահականություն էր, եւ երկրորդ՝ որ դա բոլորովին էլ պատահական չէր: Երկրորդ կարծիքն արտահայտող փորձագետների մեկնաբանմամբ՝ Սարգսյան-Պուտին հանդիպման օրը նման աղմկոտ հայտարարություն անելով, ԱՄՆ-ը կամ հիշեցնում էր իր մասին, կամ՝ փորձում կանխել ինչ-ինչ սեպարատ պայմանավորվածություններ ՀՀ եւ ՌԴ նախագահների միջեւ: Կարծում ենք, սակայն, որ այն, ինչ տեղի ունեցավ նախօրեին, ռուս-ամերիկյան եզակի համագործակցության օրինակ էր:

Ինչպես արդեն նշել ենք, Սոչիի հանդիպման ժամանակ պետք է պարզ դառնար՝ արդյո՞ք աշնանը ԼՂ հարցով նոր գագաթաժողով կհրավիրվի, թե՞ ոչ: Իսկ դա կախված է օրակարգից: Եթե Իլհամ Ալիեւը ՌԴ նախագահի հետ հանդիպմանը համաձայնություն տված լիներ նոր հանդիպման ժամանակ քննարկել հակամարտության գոտում վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրման հարցը, ապա Վլադիմիր Պուտինը դա կփոխանցեր Սերժ Սարգսյանին, վերջինս կողջուներ, եւ հանդիպման ֆորմատն ու ժամկետները կճշտվեին:

Բայց քանի որ Ալիեւն ակնհայտորեն հրաժարվել է այդ օրակարգից, դիվանագիտական բազմաքայլ կոմբինացիայի անհրաժեշտություն է առաջացել:

Բանն այն է, որ Վլադիմիր Պուտինը ապրիլյան պատերազմում Ռուսաստանի ունեցած դերի պատճառով կորցրել է Սերժ Սարգսյանին այս հարցում որեւէ բան ասելու, խնդրելու կամ պարտադրելու լեգիտիմությունը: Իսկ Ադրբեջանի նախագահի վրա ազդելու լծակներ չունի: Առավելագույնը հնարավոր է, որ Իլհամ Ալիեւը համաձայնած լինի վստահության ամրապնդման օրակարգին՝ պայմանով, որ զուգահեռաբար կքննարկվեն նաեւ հակամարտության հիմնարար դրույթներից մի քանիսը, օրինակ՝ որոշ տարածքներից հայկական զորքերի դուրսբերման կետը:

ՌԴ նախագահը, ըստ ամենայնի, խորամանկել է՝ Սերժ Սարգսյանին փոխանցելով միայն այն, որ Ալիեւը պատրաստ է խոսել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից: Իսկ հակամարտության կարգավորման սկզբունքների մասին խոսակցությունը խթանելու դերը վերապահվել է ՄԽ ամերիկյան թեւին:

Այս հնարքը բարդ իրավիճակի մեջ է դնում Սերժ Սարգսյանին: Եթե նա ՌԴ նախագահի փոխանցած ինֆորմացիայի հիմքով համաձայնել է աշնանային հանդիպմանը, ապա ՄԽ հեռացող համանախագահի հրապարակային հայտարարությանը հղում անելով հրաժարվելը անհեթեթ կնայվի:

Երեկ Մամեդյարովը, մեկնաբանելով Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը, ասել է, որ «եթե Հայաստանն ընդունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից նշված սկզբունքները նոր չեն, եւ ինքն ընդունում է դրանք, ապա անհրաժեշտ է սկսել առարկայական բանակցություններ՝ մանրամասների քննարկման համար»։

Պաշտոնական Երեւանի առաջին եւ հիմնական արձագանքը Հոգլանդի հայտարարությանն այն էր, որ դրանում ոչ մի նոր բան չկա: Բայց դա չի նշանակում, որ պետք է սկսվեն առարկայական բանակցություններ: Առաջիկայում Նյու Յորքում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի ժամանակ սպասվում է հայտարարություն նախագահների մակարդակով հանդիպման մասին:

Հուսանք, հայկական դիվանագիտական միտքը մինչ այդ ռուսամերիկյան խորմանկությանը համարժեք հակաքայլ կմտածի եւ Նյու Յորքում կհայտարարվի նախագահների հանդիպման ձախողման մասին: Վատ չի լինի, եթե Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն էլ ինչ-ինչ տեխնիկական պատճառներով չկայանա:

Հ.Գ. ՌԴ նախագահը Սերժ Սարգսյանին Սոչիում ընդունեց միջազգային արարողակարգի բարձր նոտայով. դիմավորեց շքամուտքի մոտ, խոսեցին պատվիրակությունների ներկայությամբ: Ի տարբերություն Սարգսյանի, Ալիեւին Պուտինը չի դիմավորել, նույնիսկ դրեսկոդը առանց փողկապների էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում