Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, եւ մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ անվտանգության համակարգում ՀԱՊԿ-ը Հայաստանի համար այլընտրանք չունի։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Մեկնաբանելով Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու հանգամանքը՝ նա նշել է, թե ՀՀ ՊՆ առաջին տեղակալը շատ պարզ հայտարարել է, որ մենք նման համաձայնություն չենք տվել։

«Երկրորդը, աժիոտաժը, որ կա, ես նմանեցնում եմ մի բաժակ պղտոր ջրում փոթորկի։

Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, Հայաստանը երբեք չի հայտարարել, որ գնում է դեպի ՆԱՏՕ, եւ նպատկ նպատակ չկա։ Եւ տարածվող գնահատականները ոչ պրոֆեսիոնալ գնահատականներ են, որոնց նպատակն է ոչնչից աղմուկ ստեղծել»,- ասել է Շարմազանովը։

Նրա խոսքով, նախկինում զորավարժություններին Հայաստանը մասնակցել է, որովհետեւ մասնակցությունը եղել է հումանիտար բնույթի։ «Եւ չի նշանակում, որ եթե Հայաստանը չի մասնակցում, ուրեմն ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դադարեցնում ենք։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, եւ մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ անվտանգության համակարգում ՀԱՊԿ-ը Հայաստանի համար այլընտրանք չունի»,- նշել է Շարմազանովը։