«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախատեսվում է Ազգային ժողովում քննարկել օրենքի նախագիծ, որով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած եւ 27 տարին լրացած երիտասարդ տղաներին հնարավորություն կընձեռվի կատարել համապատասխան վճարում եւ զերծ մնալ քրեական հետապնդումից:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նման փոփոխություն առաջարկում են իրականացնել ՀՀԿ-ական պատգամավորներ Գալուստ Սահակյանը եւ Կարինե Աճեմյանը:

Փաստաբան Նորիկ Նորիկյանի խոսքով` լինում են անձինք, որոնք մինչեւ 18 տարեկանը լրանալը միայնակ կամ ընտանիքների հետ հեռանում են Հայաստանից, չեն ներկայանում պարտադիր զինվորական ծառայության: Նրանց նկատմամբ հարուցվում է քրեական գործ, հայտարարվում է հետախուզություն:

«Հիմա այս մարդկանց 27 տարին լրանում է, իսկ օրենսդիրը սահմանում է, որ այս մարդիկ յուրաքանչյուր զորակոչի համար վճարեն սահմանված 100 հազար դրամը: Այսինքն, 18-ից մինչեւ 27 տարեկանի համար դա կազմում է 18 զորակոչ`վճարում են 1 մլն 800 հազար դրամ, նրանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը կարճվում է, եւ նրանք կարողանում են վերադառնալ Հայաստան»,- ասում է փաստաբանը:

Այժմ Գալուստ Սահակյանը եւ Կարինե Աճեմյանն առաջարկում են երկարացնել այդ ժամկետը: Այսինքն, եթե գործող օրենքը վերաբերում էր մինչեւ 2015 թվականի մայիսի 1-ին 27 տարին լրացած քաղաքացիներին, ապա նոր օրենքը ներառում է բոլոր նրանց, ում 27 տարին լրացել է մինչեւ 2017 թվականի մայիսի 1-ը:

«Մի կողմից այս օրենքը ես համարում եմ օբյեկտիվ անհրաժեշտություն, իսկ մյուս կողմից սուբյեկտիվ գնահատականներ կարող եմ տալ: Այս օրենքը ոչ հավասար պայմաններ է ստեղծում ՀՀ քաղաքացիների համար: Նրանք, որոնք ունեն հնարավորություն, գնում են, հետո գալիս են, վճարում են համապատասխան գումարը եւ չեն ենթարկվում քրեական պատասխանատվության: Այս տարբերակը միշտ լինելու է, եւ շատերն են օգտվում: Բանն այն է, թե ինչպես կարգավորենք այդ խնդիրը: Ընդհանրապես նրանց զրկենք Հայաստան վերադառնալուց, թե՞ պետությունը պետք այդ 1 մլն 800 հազարը փոխարինի այլ թվով:

Պետությունը պետք է իր առջեւ խնդիր դնի, թե վերցնելով այս 1 մլն 800 հազար դրամը՝ իսկապե՞ս սոցիալական արդարության հարց է լուծում: Պետությունը պետք է հաշվի առնի, որ ունի պրոֆեսիոնալ բանակի ստեղծման կարիք»,- ասում է Նորիկյանը եւ ավելացնում, որ այդ երիտասարդները մեկ կամ 10 հոգի չեն, հազարավոր երիտասարդներ են եւ արտագաղթին զուգահեռ նրանց թույլ չտալ վերադառնալ հայրենիք եւս խնդիր է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում