Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղում, որն արեւելյան մասով 15 կմ երկարությամբ սահման ունի հարեւան Ադրբեջանի հետ, տեղակայվել է 73 LED լուսարձակ՝ լուսավորելով 2700 մ երկարությամբ տարածություն։

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, Դովեղում ամբողջությամբ ստեղծվել է արտաքին լուսավորության էներգախնայող նոր ենթակառուցվածք: Տեղակայվել է 73 LED լուսարձակ՝ լուսավորելով 2700 մ երկարությամբ տարածություն։

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի պատասխանատու Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը եւ համայնքի բնակիչները:

«Գյուղական համայնքներում ենթակառուցվածքների զարգացումն առաջնահերթություն է: Հատկապես սահմանապահ գյուղերում դրանց կառուցումը կարեւոր է մի քանի տեսանկյունից. գյուղն սկսում է համապատասխանել ժամանակի պահանջներին, բնակիչը փորձում է լավատեսորեն նայել վաղվա օրվան, գյուղի զարգացման հեռանկարին ու մնալ իր բնօրրանում եւ, որն ամենակարեւորն է՝ լուծվում է մարդկանց անվտանգության հարցը: Իսկ մեզ՝ գործընկեր կառույցներիս համար, արձանագրվող ձեռքբերումներին զուգահեռ, ծրագիրն արժեւորվում է նաեւ երկարաժամկետ արդյունքով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բնապահպանական եւ էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի շահագործումն էականորեն կրճատում է էներգիայի ծախսը՝ խնայված միջոցների հաշվին թեթեւացնելով գյուղի ֆինանսական բեռը:

Ի տարբերություն այլ լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա: Դովեղի փողոցները կլուսավորվեն ամռանը՝ 21:00-ից մինչեւ 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 01:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի նաեւ ամբողջ գիշեր: Մեկ տարի առաջ, ի թիվս Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Ջուջեւան գյուղերի, Դովեղը ընդգրկվել է Տավուշի մարզի ընդլայնված՝ Նոյեմբերյան համայնքի կազմում:

Դովեղում ապրում է 185 ընտանիք։ Բնակիչները հիմնականում զբաղվում են բուսաբուծությամբ, այգեգործությամբ եւ անասնապահությամբ։