Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում բախվել են 24-ամյա Մուշեղ Առաքելյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 36 71 Լ համարանիշի Газель-ն ու 25-ամյա Նարեկ Ղուկասյանի վարած ВАЗ 2112 00 մակնիշի 35 DV 248 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Բախման հետևանքով Газель-ը կողարջվել է, իսկ ВАЗ 2112-ը գլխիվայր շրջվել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայրում Газель-ի վարորդն ընդունել է իր մեղավորությունը, իսկ Газель-ը սպասարկում է Երևան-Արմավիր երթուղին և հաշվառված է «Գալակտիլիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի հաշվեկշռում, որը գրանցված է Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում։

Նյութի աղբյուրը` shamshyan.com