Ընտանեկան բռնության կանխարգելման դեմ օրենքի մասին ասուլիսի հյուրն այս անգամ Արշակ Զաքարյանն էր: Անդրադառնալով օրենքի ընդունմանը նա ասաց. «Ես դեմ եմ այս օրենքի ընդունմանը, ոչ թե նրա համար, որ ես բռնությանը կողմ եմ, այլ պարզապես կարծում եմ, որ սա միջոց չէ բռնությունը կանխարգելելու: Սա պարզապես բյուջջեից ավելորդ գումարներ ծախսելու միջոց է, որը հետագայում մեծ խնդիրների առաջ է կանգնեցնելու մեզ:

Օրենքը պարզապես դաժանացրել է ընտանեկան բռնությունը»: Շարունակելով իր խոսքը Արշակ Զաքարյանը նշեց, որ հայ ավանդական ընտանիքը օրինակ է ծառայում ամբողջ աշխարհին և հիմա վերցնել և սևացնել ավանդական ընտանիքի անունը չի կարելի: Հայ ավանդական ընտանիքի սահմանումը տալով նա ասաց.

«Դա այր և կին միացությունն է, որը հաստատված է հայ առաքելական եկեղեցու կողմից: Ընտանիքի հայրը ընտանիքի գլուխն է, որը տեր է կանգնում ընտանիքին, հոգ է տանում ընտանիքի համար, և մի քանի բացառություններ և վատ դեպքեր վերցնել և ընդհանրացնել չի կարելի»:

Անդրադառնալով բռնության ստեղծման և տարածման պատճառներին վերջինս նշեց, որ առաջին հերթին պետք է պայքարել դրանց տարածման աղբյուրների դեմ. «Մենք ունենք 20 հեռուստաալիք, և բոլորը պետք է փակվեն:

Պետք է փակվեն հեռուստաալիքները և այն ամենը ինչ ցույց է տրվում մեդիայով. առավոտից երեկո քարոզվող բռնությունները, սերիալներում ցուցադրվող ընտանիքները հենց այդ բռնության օրինակ հանդիսացող ընտանիքներն են: Ի՞նչ են սովորում երեխաները, ինչպե՞ս սպանել, խոսել, ծեծել, այ սրա դեմ է պետք պայքարել:», շարունալով իր խոսքը նա ասաց, որ մենք Եվրոպայից միայն օրենքներ ենք բերում և այն էլ վատը միայն, առանց նայելու, որ Եվրոպայում կան իրոք արժեքներ, որոնք պետք է ընդօրինակել. «Եվրոպան ունի շատ բարձր արժեքներ` երաժշտությունը, թատրոնը, թանգարանները արժանի են ընդօրինակման, մենք պետք է ներկրենք այն ինչ մեզ իրոք անհրաժեշտ է, և ոչ թե բռնության քարոզով պետք է զբաղվենք»: