Lragir.am-ը գրում է.

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, օրերս արած ֆեյսբուքյան գրառումով առաջացրել է գրեթե համացանցային փոթորիկ: Խոսքը նրա այն գրառման մասին է, որն առնչվում է բանակից ազատված մի պաշտոնյայի պատմության: Ռուզաննա Խաչատրյանը գրել է, որ այդ պատմությունը ծավալվել է իր աչքի առաջ, մինչդեռ բանակից ազատված այդ պաշտոնյան ներկայում ճառում է հայրենասիրության եւ ծառայելու անհրաժեշտության մասին, գրել էր Խաչատրյանը:
Բայց, թե ով է այդ պաշտոնյան, նա չի նշում: Այդուհանդերձ, հանրային մի մեծ շերտ, այդ թվում քաղաքական գործիչներ, պատգամավորներ, Խաչատրյանի գրառման «տողատակում» նկատել են պաշտպանության ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանին:
Թեեւ, պետք է նաեւ նկատել, որ ամենեւին միայն Վիգեն Սարգսյանը չէ, որ զինապարտության մասին օրենսդրական նոր նախաձեռնության քննարկումների ընթացքում ամբիոնից խոսում էր հայրենասիրության եւ ծառայության անհրաժեշտության մասին:
Համենայն դեպս, պաշտպանության նախկին նախարարի տիկնոջը հաջողվել է ֆեյսբուքյան գրառումով բորբոքել այն կրակը, որ առաջացել էր ազգ-բանակ հայեցակարգի շրջանակում պաշտպանության նախարարի օրենսդրական նախաձեռնության շուրջ, որից բուն քննարկման թեմա է դարձել տարկետման չեղարկման նախաձեռնությունը:
Մինչ արդեն իսկ այդ ֆեյսբուքյան գրառման առիթով թեժացած մթնոլորտում ուղիղ հարցադրումներ են հնչում Վիգեն Սարգսյանի հասցեին, գրառումը թերեւս պարունակում է մեկ այլ ոչ պակաս ուշագրավ հանգամանք:
Փաստացի, Ռուզաննա Խաչատրյանը հանրությանը «կիսամատուցում» է երկու «փակ անուն»: Մեկը նրա ֆյսբուքյան նոր գրառման «հերոսը», մյուսը նա, ով մամուլում պատվերներ էր տալիս Սեյրան Օհանյանի ընտանիքի, նրա տիկնոջ դեմ, երբ գեներալ Օհանյանը զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը եւ միաժամանակ հավակնում էր ավելի բարձր քաղաքական դերակատարման, Սերժ Սարգսյանի նախագահական ժամկետի ավարտին ընդառաջ: Ավելին, նրա ընտանիքի, մասնավորապես տիկնոջ դեմ մամուլի մի քանի միջոցում պարբերաբար հրապարակվող տեղեկությունները գնահատվում էին որպես Սեյրան Օհանյանի քաղաքական ապագային հասցվող հարվածներ:
Ընդ որում, պետք է արձանագրել, որ այդ հարվածները Օհանյանի քաղաքական ապագայի հանդեպ արեցին իրենց «սեւ գործը», այդ թվում զինված ուժերի շրջանում նրա հանդեպ վերաբերմունքի մասով: Միեւնույն ժամանակ, ակնհայտ էր, որ դրան նպաստեց եւ այն, որ Ռուզաննա Խաչատրյանը, իր հանդեպ հակաքարոզչությանը հակադարձելու համար, շարունակում էր աշխուժորեն տարածել իր լուսանկարչական շարքերը: Դրանք անշուշտ պարունակում էին գեղեցկություն ու ներդաշնակություն, բայց զուտ քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից նպաստում էին նրա ամուսնու դեմ ծավալված հակաքարոզչությանը, ինչը նշանակալի գործոն էր իշխող համակարգում Սեյրան Օհանյանի դիրքերի թուլացման եւ քաղաքական հեռանկարի մշուշոտման հարցում:
Հետո, ինչպես հայտնի է, Սեյրան Օհանյանն անցավ ընդդիմություն եւ գլխավորեց ՕՐՕ դաշինքը: Եվ ահա, դաշինքի նախընտրական վերջին հանրահավաքից հետո երթին մասնակցեց նաեւ Ռուզաննա Խաչատրյանը, դրա ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարելով, որ անհրաժեշտության դեպքում ասուլիս կտա եւ կասի այն պաշտոնյայի անունը, որի պատվերով էլ հակաքարոզչություն է ծավալվել իր ընտանիքի դեմ:
Այդպիսով, որո՞նք են Ռուզաննա Խաչատրյանի երկու անունները, որ նա փաստորեն ազդարարել է, բայց չի մանրամասնել: Ինչու՞ դրանք չեն մանրամասնվում, եւ ե՞րբ կմանրամասնվեն, ո՞ր դեպքում: Եվ արդյոք այդ երկու անուններն են, որոնք այսպես ասած գիտե Ռուզաննա Խաչատրյանը: Ինչպիսի՞ն կարող է լինել նրա սոցցանցային ակտիվության դերը պաշտպանության ներկայիս նախարարի հեռանկարների համար:
Նրա վերջին ֆեյսբուքյան գրառումից հետո առնվազն առաջանում են այդ հարցերը:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am