Տարկետման իրավունքը հանելու դեմ ուսանողների բողոքի ակցիան շարունակվում է: ԵՊՀ-ի դիմացից ուսանողները ենթով շարժվել են եւ ակցիան շարունակել ԵՊՀ-ի «Սեւ շենք»-ի մոտ (Աբովյան փողոց):

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, ուսանող Վահան Կոստանյանի խոսքով, իրենց դասադուլին միացել են մի քանի հարյուր ուսանողներ: «շատ ուսանողներ չեն կարողանում միանալ ակցիային, որովհետեւ մասնաշենքերի դռները փակում են եւ թույլ չեն տալիս դուրս գալ:

«Մենք կապվել ենք Կրթության եւ գիտության նախարարության հետ ու պահանջել, որ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը գա մեզ հետ հանդիպման, եթե նախարարը չգա այսօր մինչեւ ժամը 13:00-ը, կմտածենք հետագա քայլերի մասին», - ասաց Վահան Կոստանյանը:

Բողոքի ակցիայի ժամանակ նա իր խոսքում ներկայացրեց օրենքի ընդունման հետ կապված իշխանությունների կողմից բերվող փաստարկները եւ հակադարձեց դրանց:

«Բերվող հիմնավորումները չեն հանգեցնելու այն հետեւանքներին, որոնց հանգեցնելու է այդ օրենքի ընդունումը: Այն պնդումը, որ ասպիրատուրան օգտագործվում է որպես բանակից խուսափելու ձեւ, այո կա կոռուպցիա կրթական համակարգում, բայց կան նաեւ մարդիկ, որոնք զբաղվում են գիտությամբ: Եթե կրթության համակարգում կա կոռուպցիա, դա պետք է լուծվի կրթության ոլորտի ներսում, տարկետման իրավունքի հանելը այդ խնդիրը չի լուծելու:

Չի բերվել որեւէ վերլուծություն, որ մարդիկ բանակից վերադառնալուց հետո ավելի լավ են սովորում: Բերվել են միայն անձնական օրինակներ, բայց մեր կարծիքով անձնական օրինակներով օրենք չեն ընդունում: Կան նաեւ այլ օրինակներ, որ բանակից հետո բազմաթիվ խնդիրներ են առաջանում կրթությունը շարունակելու համար, այդ թվում սոցիալական, աշխարհայացքային փոփոխությունների հետ կապված»,-ընդգծեց նա:

Վահան Կոստանյանի խոսքով, նշվում է, որ եթե ասպիրանտուրա սովորող տղաները գնան բանակ, այնտեղ մթնոլորտ են փոխելու. «Եթե մենք ունենք բանակում մթնլորոտի խնդիր, եկեք դա լուծենք բանակի ներսում: Եթե ասպիրանտուրա սովորողը պետք է գնա բանակ զուտ մթնոլորտ փոխելու համար, ապա պաշտպանության նախարարը իր հարցազրույցում նշել էր, որ բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց բանակ տանելն անմտություն է: Այստեղ կա հակասություն:

Բանակից ազատվելու տարբերակներ շատ-շատ կան, այդ թվում առողջապահական համակարգով: Այդ մասին ոչինչ չի խոսվում, խոսվում է միայն տարկետման մասին»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք փակ նամակներ են ուղարկելու ԿԳ եւ պաշտպանության նախարարներին եւ հրավիրելու են բանավեճի:

Այդ խոսքից հետո ուսանողները երթով կրկին շարժվեցին դեպի ԵՊՀ գլխավոր շենք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԵՊՀ գլխավոր շենքի դիմաց այսօր՝ նոյեմբերի 7-ի առավոտից ուսանողները հավաքվել են եւ բողոքի ակցիա են իրականացնում՝ դասադուլի կոչով:

Ուսանողները բողոքում են տարկետման իրավունքի վերացման դեմ, որը նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծով, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Ուսանողները շրջել են ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում և դասադուլի կոչով դիմել բոլոր այն ուսանողներին, ովքեր կիսում են իրենց մտավախությունը՝ կապված օրենքի փոփոխության հետ: Նրանք վանկարկում են՝ «դասադուլ», «տարկետում լինելու ա»:

Նշենք, որ հիշյալ օրենքի նախագծով տարկետում է տրվում իայն այն ուսանողներին, որոնք ՊՆ-ի հետ կկնքեն պայմանագիր, ըստ որի բուհն ավարտելուց հետո պետք է ծառայեն ոչ թե 2, այլ 3 տարի ժամկետով, բայց որպես սպա: