Երեւանի պետական համալսարանի գլխավոր շենքի դիմաց արդեն երրորդ օրն է, որ ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց բողոքը հայտնելով տարկետման իրավունքը հանելու օրենսդրական նախաձեռնության դեմ:

Դասադուլի կազմակերպիչը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն է, որը հայտարարել է, որ ակցիան կշարունակեն այնքան ժամանակ, մինչեւ վերանայվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսված տարկետման իրավունքին վերաբերող դրույթները:

Նախօրեին ցուցարար ուղանողներին ընդունել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը եւ հորդորել դադարեցնել դասադուլը, քանի որ դասադուլի մեջ իմաստ չի տեսնում:

Այսօր ցույցի ելած ուսանողները որոշել են երթով շարժվել դեպի կառավորթյան շենք, որտեղ տեղի է ունենալու կառավարության հերթական նիստը:

Նշենք, որ ցույցը տեղի է ունենում անձրեւի ներքո, որի հետեւանքով ցուցարարների թիվն անհամեմատ քիչ է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:
Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա: