Հայաստանում եւ Վրաստանում բենզինի գները համադրելի չեն, թե ներկրվող երկրների աշխարհագրության եւ թե որակական առումով: Այս մասին հայտարարել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հրավերով Հայաստանում գտնվող Վրաստանի մրցակցային գործակալության նախագահ Նոդար Խադուրին:

Անդրադառնալով հարցին, թե ինչու է երկու հարեւան երկրներում՝ Հայաստանում եւ Վրաստանում որոշ ապրանքների, այդ թվում հատկապես բենզինի գինը տարբեր, նա պատասխանել է. «Վրաստանում բենզինի գինը նախկինում ավելի ցածր էր, քան Հայաստանում, քանի որ մենք բենզինը ներմուծում ենք Թուրքմենստանից, Ադրբեջանից, Եվրոպական մի շարք երկրներից, իսկ Հայաստանը հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից: Այսինքն, մեր երկրներում բենզինի գները համադրելի չեն, թե ներկրվող երկրների աշխարհագրության եւ թե որակական առումով: Սակայն պետք է նշեմ, որ այս տարի Վրաստանում ակցիզային հարկի բարձրացման հետեւանքով բարձրացել է նաեւ այդ վառելիքի գինը եւ այս պահին երկու երկրների բենզալցակայաններում գրեթե նույն գինն է»:

Հիշեցնենք, որ երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները հուշագիր են ստորագրել, ինչը ենթադրում է, որ մի շարք սոցիալական նշանակության առաջնային շուկաներում կկատարվեն համատեղ գնագոյացման ուսումնասիրություններ: Այն վերաբերվելու է ոչ միայն վառելիքի, այլ նաեւ դեղորայքի շուկային: