Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողների եւ ԱԺ ղեկավարության միջեւ փակ հանդիպումն ավարտվել է: Հանդիպումը տեղի է ունեցել 5 ուսանողների եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի միջեւ, որին կեսից միացել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, որ համաձայնություն է ձեռք բերվել նոյեմբերի 22-ից կլոր սեղան կազմակերպել գիտության, կրթության ոլորտների, կառավարության եւ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ, քննարկել հարցը եւ լուծումներ առաջարկել:

Մինչ այդ ուսանողները համաձայնել են դադարեցնել հացադուլն ու դասադուլը:

Դավիթ Պետրոսյանի խոսքով, եթե այդ կլոր սեղանի ժամանակ իրենք կարողանան ապացուցել իրենց պահանջի օբյեկտիվությունը, այդ դեպքում հնարավոր է՝ որոշ զիջումներ լինեն, որոնք կկարգավորվեն արդեն ընդունված օրենքից բխող նորմերով: