Հայաստանը չի պատրաստվում արգելափակել Եվրամիության Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի վերջնական հռչակագրի ընդունումը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, Բրյուսելում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով «Ազատություն» հարցին, թե պատրաստվո՞ւմ է Հայաստանն արգելափակել Արևելյան գործընկերության հռչակագրի ընդունումը:

«Ոչ, ինչո՞ւ պետք է արգելափակենք: Կարծում եմ, որ այն փոխզիջումային տարբերակով կանցնի»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Դիտարկմանը, թե Ադրբեջանն առաջ է մղում բավականին դժվար ձևակերպումներ, ՀՀ Նախագահը պատասխանել է. «Ադրբեջանը կարող է առաջ մղել, սակայն ո՞վ պետք է ընդունի այդ ձևակերպումները: Եվ չեմ կարծում, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովն այն հարթակն է, որտեղ պետք է քննարկենք մեր հարաբերությունները»:

Սերժ Սարգսյանը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, իսկ Եվրամիությունն այդ հարցում ամբողջովին սատարում է Մինսկի խմբին. «Սա մեզ ամբողջովին բավարարում է»,-ընդգծել է ՀՀ նախագահը:

Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը կրկին հայտնվել է փակուղում. Երեւանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող ձեւակերպումների շուրջ։