Հայաստանն ու ԵՄ–ն նոյեմբերի 24-ին «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակում ստորագրեցին համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին նոր համաձայնագիրը։ Եվրամիությունն իր կայքում ներկայացրել է համաձայնագրի կետերը, որոնք ապահովում են Հայաստանի եւ ԵՄ–ի համատեղ աշխատանքի ստեղծումը՝ ի շահ ՀՀ քաղաքացիների։

Փաստաթղթում ասվում է, որ նոր համաձայնագիրն առաջին հերթին ուղղված է աշխատատեղերի եւ բիզնես վարելու հնարավորությունների մեծացմանը. «ԵՄ–ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կանոնակարգվելու են՝ բիզնեսի համար կանխատեսելիության եւ կայունության եվրոպական եւ միջազգային չափանիշներին համապատասխան։ Նոր համաձայնագիրը նախատեսում է, որ փոքր եւ միջին ձեռնարկությունները տեղեկատվություն կստանան եւ խորհրդատվություններ կանցկացնեն այդ համաձայնագրի իրականացման հարցերով եւ աջակցություն կստանան միջավայրի կանոնակարգման թափանցիկության հարցում։

Բացի այդ, նոր համաձայնագիրը նախատեսում է ազատականացնել ծառայությունների շատ սեկտորներում երկկողմ առեւտուրը, օրինակ, վարձակալության, լիզինգի, քոնսալթինգային, տեխնիկական, փոստային, ֆինանսական եւ տրանսպորտային ծառայությունների ոլորտում։ Դա նշանակում է, որ հայկական ընկերությունները կարող են ծառայություններ մատուցել ԵՄ տարածքում եւ ընդհակառակը։ Հայկական բիզնեսը կարող է մասնակցել ԵՄ–ում պետական գնումների մրցույթներին եւ ընդհակառակը։ Կոնցեսիաների համար փոխադարձ լրացուցիչ հասանելիություն կապահովվի դեպի շուկաներ, օրինակ, ջրամատակարարման եւ այլ հանրային ծառայությունների ոլորտում։

Համաձայնագրով նախատեսվում է պաշտպանել մտավոր սեփականությունը։ Այդպիսով՝ ընկերությունները նաեւ կարող են Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հույս ունենալ, նրանք նաեւ կարող են դա անել ԵՄ–ում։

Նոր կանոնները կապահովեն պետական գնումների ընթացակարգերի ավելի թափանցիկ անցկացում։ Համաձայնագիրը ձգտում է բարելավել հայ աշխատողների համար աշխատանքային նորմերը, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրերը, ասոցացման ազատությունն ու աշխատավայրում խտրականության բացառումը։ Հայաստանում աշխատող ընկերությունները պետք է պահպանեն մրցակցության այն նույն սկզբունքները, ինչ Եվրոպայում։

Նշվում է նաեւ, որ նոր համաձայնագիրը հստակ կանոններ է պարունակում մրցույթների հրապարակման եւ դրանց դիտարկման կարգի համար, որոնք կկանխեն կոռուպցիան։ Կսահմանվեն պետական սուբսիդիաների նկատմամբ նոր կանոններ՝ թափանցիկության եւ արդարության ապահովման նպատակով։

Համաձայնագիրն անդրադառնում է առեւտրում ավելորդ խոչընդոտների վերացմանը։ Օրինակ, նորմատիվ ակտերով հանրային խորհրդատվությունները, որոնք վերաբերում են սպառողական ապրանքներին, կընդլայնվեն մյուս կողմի ընկերությունների համար, կվերացվեն ապրանքների մակնշման ծանրաբեռնող պահանջները։ Արդյունքում ավելի շատ ընկերություններ կարող են իրենց ապրանքներն առաջարկել Հայաստանի եւ ԵՄ շուկաներում՝ ապահովելով մրցունակ գներ։

Հայկական համալսարանները կարող են Horizon 2020 նախագծի շրջանակում այլ եվրոպական համալսարանների հետ մասնակցել ժամանակակից հետազոտական ծրագրերին։ Նրանք կարող են մասնակցել նաեւ ЕС4Innovation նախաձեռնությանը, որն անմիջականորեն կապված է նորարարական փոքր եւ միջին ձեռնարկությունների հետ։

Նշվում է, որ Հայաստանն ու ԵՄ–ն մեծ ուշադրություն են դարձնում ժողովրդավարության առանցքային հիմնաքարերին, այդ թվում՝ ազատ եւ արդար ընտրություններին, արդար դատական հետաքննության իրավունքին եւ ավելի լայն իմաստով մարդու իրավունքները հարգելուն։ Համաձայնագիրը սահմանում է քաղաքացիական հասարակության անկախ պլատֆորմ՝ բաղկացած Հայաստանի եւ ԵՄ կազմակերպություններից, որոնք կհետեւեն համաձայնագրի կատարմանն ու կարող են հանձնարարականներ տալ Հայաստանի եւ ԵՄ իշխանություններին։

Այդ համաձայնագրին համապատասխան՝ ԵՄ–ն հաստատում է, որ հավատարիմ է Հայաստանի միջուկային անվտանգությանը։ Նոր համաձայնագիրը նաեւ նախատեսում է ընդլայնել ԵՄ–ի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը՝ հանցավոր գործունեության, այդ թվում՝ ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության կանխման համար։