Գյումրեցի այս փոքրիկների՝ 9-ամյա Ջուլիետայի եւ 6-ամյա Արմենակի լուսանկարն արվել էր ամիսներ առաջ՝ «Շիրակ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից: Կազմակերպության շնորհիվ լուսանկարն համացանցում էր հայտնվել եւ արժանացել շատերի ուշադրությանը: Ջուլիետան եւ Արմենակը ծնողների հետ ապրում են Գյումրու տնակային թաղամասերից մեկում գտնվող խարխուլ տնակում, որտեղ անգամ կոմունալ տարրական պայմաններ չկան:

Ամերիկահայ բարերար Ժան Մարի Ադամյանն անմիջապես նկատել էր շիկահեր ու գեղեցկադեմ փոքրիկներին, միայն քրոջ ու եղբոր գեղեցկությամբ գերված շտապել էր գումար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որպեսզի նրանց բնակարանով ապահովեն:

Շիրակ կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իրենց գործունեության շնորհիվ արդեն 22-րդ ընտանիքն է բնակարանով ապահովվում, բայց սա առաջին դեպքն է, երբ միայն երեխաներին համակրելով բնակարան է նվիրաբերվում:

«Սովորաբար երկար ուսումնասիրություններ են անցկացնում՝ համոզվելու՝ ընտանիքը որքանով է կարիքավոր: Եթե ասեմ, որ ամենից շատ անապահովներից էին, այնքան էլ ճիշտ չէ, պարզապես բարերարի համակրանքը երեխաների նկատմամբ խորն էր: Մենք շատ ուրախ ենք, որ մի լուսանկար, կարելի է ասել, փոխեց նրանց ճակատագիրը, այլևս ապրելու են մարդավայել, բայց մի բան կա, որ պետք է ասեմ: Երբ այդ ընտանիքի լուսանկարը հրապարակեցինք, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ինչպես նաև հովանավորը 100 անգամ զանգել ու խնդրել են այդ ընտանիքի մասին տվյալներ և մենք սիրով տրամադրել ենք: Առհասարակ ամեն օր տարբեր կազմակերպությունների խնդրանքով ժամեր ու օրեր ենք անցկացնում, չարչարվում և անօթևան ընտանիքների մասին տվյալներ ու լուսանկարներ պատրաստելու ու տրամադրելու համար: Սակայն այս անգամ էլ, ինչպես շատ անգամներ, մեզանից օրերով տվյալներ խնդրող կազմակերպությունները, այնպես էլ լրագրողները, «Շիրակ» կենտրոնի անունը չեն ուզում հիշատակել: Հասկացեք մենք հսկա աշխատանք ենք կատարել: Իրոք չեմ հասկանում, արգելված է, թե դժվար կամ վարկաբեկիչ, որ մեր անունը նույնպես գոնե մի թեթև տան»,- ասաց Վահան Թումասյանը՝ հիշատակելով ևս մի դեպք, երբ« Շիրակ» հայրենակցական միությունը, որը նույնպես իրենց օգնությամբ բնակարան նվիրաբերեց անօթևան ընտանիքներից մեկին, անգամ բնակարանամուտի միջոցառմանը չհրավիրեց։

Ինչևէ, Արմենակն ու Ջուլիետան ծնողների հետ մի քանի օր է՝ տեղափոխվել են Մուշ թաղամաս, որտեղ գտնվում է նոր բնակարանը, իսկ Մանուշյան փողոցի խարխուլ տնակն արդեն անցյալ է:

 Նյութի աղբյուրը՝ hraparak.am