«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Հայաստանի խորհրդարանը ընդունեց 2018թ. Հայաստանի բյուջեն: Բյուջեի ընդունմանը կողմ քվեարկեցին ՀՀԿ-ական պատգամավորները, դեմ՝ «Ծառուկյան» դաշինքն ու «Ելք»-ը: Հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման եւ ընդունման ժամանակ տեղի ունեցավ հիրավի ցնցող իրադարձություն, մի բան, ինչպիսին տեղի չէր ունեցել անկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում, բոլոր տարիների բյուջեների ընդունման ժամանակ: Կառավարությունը որոշել էր ընդառաջել մի առանձին վերցված պատգամավորի միանգամից երեք առաջարկությունները: Բայց հարցը միայն այն չէ, որ կառավարությունը որոշել է ընդունել այդ պատգամավորի բոլոր առաջարկները, հարցն այդ առաջարկների ընդհանուր գումարն է՝ 2 մլրդ 38 մլն դրամ: Այս գումարի չափը պատկերացնելու համար ասենք միայն, որ այն ավելին է, քան ամբողջ Հայաստանի գիտությանը հատկացված գումարը, ավելի պատկերավոր ասած՝ Հայաստանի բյուջեի 1․5 տոկոսը: Որտե՞ղ է կառավարության առատաձեռնության գաղտնիքը, ո՞վ է այդ 2 միլիարդի հասցեատերը, ո՞ւմ են իրականում բաժին հասնելու այդ փողերը:

Բյուջեի ընդունման ընթացակարգն այնպիսին է, որ սկզբում կառավարությունը այն ներկայացնում է խորհրդարան, այն քննարկվում է, հետո խմբակցությունները եւ առանձին պատգամավորները ներկայացնում են իրենց առաջարկությունները, կառավարությունը որոշում է՝ դրանցից որ մեկը ընդունել եւ որը մերժել, որից հետո տեղի է ունենում քվեարկություն: Այս տարի պատգամավորները ներկայացրել էին 111 առաջարկություն, որոնց ճնշող մեծամասնությունը կառավարությունը ֆինանսների բացակայության պատճառով մերժել է: Սովորաբար միշտ էլ այդպես է եղել: Բայց մի պատգամավորի առաջարկության նկատմամբ կառավարությունը չափազանց առատաձեռն է գտնվել: Խոսքը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանի մասին է: Մարգարյանը ներկայացրել է միանգամից երեք առաջարկ եւ երեքն էլ կառավարությունը բավարարել է, բավարարել է լիուլի:

Հիմա տեսնենք, թե ինչ է կառավարությանը առաջարկել տիկին Մարգարյանը: Առաջինը վերաբերում է «Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրին բյուջեով նախատեսված գումարին եւս 150 մլն դրամ ավելացնելուն, որից 70-ը «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայության» ծրագրին: Կառավարությունը ամբողջովին ընդունել է Մարգարյանի առաջարկը եւ հատկացրել է 150 մլն դրամը, միայն մի վերապահումով, որ Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծրագրին հատկացվել է 50 մլն, իսկ «Ստոմատոլոգիական բժշկական օգնության» ծառայությանը 100 մլն: Կարեւորը փողի չափն է, իսկ թե որը որտեղ, անյքան էլ կարեւոր չի, որովհետեւ բոլորս էլ գիտենք, որ անվճար ստոմատոլոգիական ծառայություն ոչ երեխաների, ո՛չ մեծահասակների համար ոչ եղել է, ոչ էլ կլինի ընդհանրապես: Մի բան էլ. Մարինա Մարգարյանը մասնագիտությամբ ստոմատոլոգ է, եւ ունի ստոմատոլոգիական կլինիկա: Բայց մենք չենք պնդում, որ այս ծրագրերը իրականացվելու են նրան պատկանող կլինիկայում, կամ նա անձնական որեւէ շահագրգռվածություն ունի այս ծրագրի իրականացումից: Հավատացեք, որ ամեն ինչ արվում է հանուն մեր երեխաների, ապագա սերունդների: Ոչինչ, որ որեւէ երեխա դրա մասին չի իմանա:

Մարինա Մարգարյանի հաջորդ առաջարկը վերաբերում «Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի համար հավելյալ 1 մլրդ դրամ հատկացնելուն: Կառավարությունը այստեղ մի փոքր ժլատ է գտվել տիկին Մարգարյանի հանդեպ, եւ որոշել է գումարի չափը ավելացնել ոչ թե 1միլիարդով, այլ ընդամենը 328 մլն 604 հազար դրամով: Ինչպիսի անտարբերություն հայ երեխաների առողջական վիճակի հանդեպ: Իսկ ով է մեր խորհրդարանում մասնագիտացած մանկական առողջապահությամբ, ում է պատկանում «Արաբկիր» բժշկական միավորումը, եւ ուր պետք է հոսեն այդ գումարները, մենք չենք կարող ասել: Բայց հրապարակային փաստ է, որ առողջապահությանը հատկացված գումարներից չափազանց գոհ էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նրան այնքան էր ոգեւորել կառավարության առատաձեռնությունը, որ նա բյուջեի նախագծին վերաբերող հատուկ ելույթ ունեցավ եւ հատուկ շեշտեց, որ թեեւ բյուջեի նախագծի նախնական տարբերակում առողջապահությանը հատկացված գումարները պակաս էին նախորդ տարվա հատկացումից, բայց հետագա քննարկման արդյունքում կառավարությունը ավելացրեց այդ գումարը, եւ հատկացումները հավասարվեցին նախորդ տարվա գումարին: Իսկապես բարի սիրտ ու անշահախնդիր բնավորություն ունի ԱԺ նախագահ Բաբլոյանը, նրան միայն թողնես մեր երեխաների առողջության մասին մտածի ու ուրախանա բյուջեով, այդ նպատակներով հատկացումների ավելացումից: Իսկապես ոսկե մարդ:

Բայց Մարինա Մարգարյանի մյուս առաջարկը եւ կառավարության վերաբերմունքը դրան, գերազանցում է բոլոր սպասելիքները: Մարգարյանը առաջարկել է «Ամբուլատոր պոլիկլինիկական օգնության ծառայություններ» ծրագրի համար հավելյալ տրամադրել եւս 1 մլրդ: Մարգարյանը միլիարդից պակաս չի պահանջում, միայն ստոմատոլոգիայի դեպքում է խիստ համեստ: Բայց կառավարությունը որոշել է ոչ միայն բավարարել Մարգարյանի առաջարկը, այլ դեռ մի բան էլ ավելի: Կառավարությունը որոշել է հիշյալ նպատակի համար հատկացնել 1 մլրդ 560 մլն 341 հազար դրամ: Չեք հավատում, նայեք կառավարության ներկայացրած համապատասխան փաստաթուղթը: Հետո էլ ասում են, որ կառավարությունը ժլատ է, բոլոր առաջարկներին պատասխանում է, թե փող չկա, մի ուրիշ անգամ, երբ հնարավորություն կլինի: Երբ հարցը վերաբերում է առողջապահությանը, կառավարությունը միշտ էլ պատրաստակամ է: Թե այս միլիարդուկեսը ում է բաժին հասնելու, դժվար է ասել, սա չափազանց մեծ գումար է, ու դրա տիրոջը խորհրդարանից դուրս պետք է փնտրել:

Բայց զավեշտալին այն է, որ Մարինա Մարգարյանը դեմ է քվեարկել բյուջեի ընդունմանը, թեկուզ իր երեք առաջարկներն էլ ընդունվել են, ու դրանց համար բյուջեով ավելի շատ գումար է հատկացվել, քան ՀՀԿ-ի բոլոր պատգամավորների առաջարկների համար միասին վերցված: «Ծառուկյան» դաշինքը դեմ է բյուջեին, ուրեմն ինքն էլ պետք է դեմ լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում