Մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց հյայ-թուրքական արձանագրությունների: Այս մասին, Հունաստանի ԱԳՆ-ում իր ելույթի ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Վստահ եմ, որ ձեզ կհետաքրքրի նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ մեր մոտեցումը: Ինչպես գիտեք, Հայաստանի նախագահը նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009թ.-ի հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին Արձանագրությունների տառին եւ ոգուն: Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, եւ դա է պատճառը, որ Հայաստանի նախագահը սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որեւէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, եւ մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց այդ Արձանագրությունների»: