2018 թվականին Հայաստանում կայանալու են երեք խոշոր իրադարձություններ, որով պայմանավորված ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, կառավարության նիստում հանձնարարական տվեց.

«Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը, Երևանի հիմնադրման 2800 ամյակի միջոցառումները, ինչպես նաև հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը», - ասաց վարչապետը՝ նշելով, որ կազմակերպչական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:

Հաշվի առնելով, որ այս կապակցությամբ Հայաստանում ակնկալվում է զբոսաշրջային այցեր՝ վարչապետը ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին, ՀՀ բոլոր մարզպետներին հանձնարարեց, իսկ Երևանի ու Գյումրու քաղաքապետներին առաջարկեց երկամսյա ժամկետում համատեղ միջոցներ ձեռնարկել` Երևան քաղաքի, ինչպես նաև Գյումրիի ու Վանաձորի, ՀՀ այլ մարզկենտրոն քաղաքների մուտքի ու ելքի ճանապարհների ճարտարապետական լուծումների կանոնակարգման ու միջավայրի բարեկարգման ուղղությամբ:

«Առանձնակի կարևորել «Զվարթնոցից» դեպի Երևան տանող և «Շիրակ» օդանավականաից դեպի Գյումրի տանող ճանապարհների հատվածները», - ասաց Կ. Կարապետյանը:

Նա հանձնարարեց արդյունքները ներկայացնել կառավարության աշխատակազմ: