ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մշակել է կառավարության որոշման մի նախագիծ, որով առաջրկվում է ժամանակավորապես արգելել աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներկրումը Հայաստան:

Նախագիծն այսօր տեղադրվել է «e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Որոշման նախագծում ասված է, որ «Համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելվածի եւ ճանապարհային երթևեկության անվտագության ապահովման անհրաժեշտությունից ելնելով կառավարությունը որոշում է.

2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ տեղեկացնել Եվրասիական տնտեսական միությանը սույն որոշման 1-ին կետով նախատեսված արգելքի մասին»:

Որպես հիմնավորում նշված է, որ Հայաստանում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթեւկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում:

Հաշվի առնելով վերը նշվածը, նախագծերով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում: Նախագծով առաջարկվում է նաեւ թույլատրել մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը, սակայն սահմանափակել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը: