Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 34 ZC 616 համարանիշի և ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «09»-ում հրդեհ է բռնկվել և մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ, Ոստիկանության փոխգնդապետ Արսեն Մարդոյանը։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տաշիրի թիվ 42 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Հրդեհը մարելուց հետո ավտոմեքենայի առջևի հատվածում հայտնաբերվել են մոխրացած 2 դի։ Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու նրա 5 ուղևորներ տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել մեծ թվով քննիչներ՝ մարզի քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Թ. Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների, վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նյութի աղբյուրը՝ shamshyan.com