«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 8-ի լուսադեմին Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեցին ոստիկանության ծառայողներ 28-ամյա Արեգ Դավթյանը և 33-ամյա Խաչիկ Գասպարյանը:

Այդ օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երևան քաղաքում իրար էին բախվել Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի և «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը հիվանդանոցում մահացել էր, իսկ ուղևոր, ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը տեղափոխվել էր հիվանդանոց և մի քանի ժամ անց մահացել:

ՃՈ տեսուչ 28-ամյա Արեգ Դավթյանը Երևան քաղաքի բնակիչ էր, ամուսնացած էր և ուներ անչափահաս երեխա: Դավթյանը համակարգում աշխատել է 2013 թվականից, կոչումով՝ ավագ լեյտենանտ: Նրա հոգեհանգստի արարողությունն այսօր է:

33-ամյա Խաչիկ Գասպարյանն Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ էր: Վերջինս կոչումով լեյտենանտ էր

Շահումյանի գյուղապետարանի աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ Գասպարյանը նոր էր ամուսնացել, հունվարի 3-ին որդի էր ունեցել. «Երևի չի հասցրել անգամ որդուն տեսնել, մեր գյուղի ամենապարզ, բարի, խելոք տղան էր: Այնքան բոյով էր, որ նրան ասում էինք մեր գյուղի Աշխարհաբեկ»,- ասաց մեր զրուցակիցը: Նրա խոսքով՝ Խաչիկ Գասպարյանի հայրը նույնպես աշխատել է Ճանապարհային ոստիկանությունում: ՃՈ տեսուչը երկու քույր ուներ:

Նշենք, որ ողբերգական վթարից հետո «Toyota Corolla» մակնիշի մեքենայի մեջ մխրճված «BMW X6»-ի վարորդը՝ քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արոյի որդին՝ Սարգիս Վարդանյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի, ապա մի քանի ժամ անց ներկայացել ոստիկանություն: Վերջինս ոստիկանությունից տեղափոխվել էր Քննչական կոմիտեի և ձերբակալվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) նախատեսված հանցագործությունները կատարելու կասկածանքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: